Գաստիկի, Ծգլի, Տլեի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գաստիկի, Ծգլի եւ Տլեի կալանքը կերկարացվի: NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու համար:
Հավանաբար դատարանը կբավարարի միջնորդությունը: Մինչ օրս մեղադրյալները գործով որեւէ ցուցմունք չեն տվել:
Սպանության գործի շրջանակներում, բացի Գաստիկից, Ծգլից եւ Տլեից, եւս 1 հոգի է գտնվում անազատության մեջ՝ Տլեի եղբայրը: Դավիթ Հախանումյանին մեղադրանք է առաջադրված սպանության օժանդակության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։
մանրամասները` news.am-ում:
