Գաղթի ճամփին տատիկիս փրկել է 6-ամյա քույրը. Արտաշ Ասատրյանը՝ իր արմատների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
Blog.1in.am-ը գրում է.
«Ես փոքր էի` երևի 6-7 տարեկան, հայրական կողմի տատիկցս եմ լսել եղեռնի մասին սահմռկեցուցիչ պատմություններ: Նրանք գաղթել էին Ալաշկերտից ու ամեն առիթով էրգրի կարոտը սրտում պատմում էր իրենց հող ու ջրից, պատմում էր նաև, թե ինչպես են փրկվել: Դա շատ ազդեցիկ էր ու հնարավոր չէր լսել առանց հուզվելու:
Տատիկս ՝ ում անունը Աշխեն էր, այդ ժամանակ 2 տարեկան է եղել , իսկ քույրը՝ Ազնիվը, 6 տարեկան, մինչև տեղահանություն անելը թուրքերը արդեն պապիկիս սպանած են եղել: Տատիկիս մայրը իր քրոջ ու երկու երեխաների հետ ստիպված բռնել է գաղթի ճամփան ու երբ սովահար, տանջահար են եղել, տատիկիս մայրը չի կարողացել տատիկս գրկած պահել, որոշել են նրան թողնել ճանապարհին, սակայն 6-ամյա Ազնիվի աղիողորմ լացը քրոջ համար, չի թողել, որ նրանք երեխային թողնեն մահվան ճիրաններում: Այդպես էլ փրկվել են նրանք: Բոլորը միասին եկել, հասել են Արմավիրի մարզի Բադալ գյուղ, որը հետագայում բնակեցվել է եղեռնից մազապուրծ մարդկանցով: Իսկ պապիկս Մշեցի է եղել՝ հայտնի հոգևորական ընտանիքից, նրանք իրենց հարուստ տուն ու տեղից զրկվել էին հասցնելով իրենց հետ վերցնել միայն այդ եկեղեցու սրբապատկերներից մեկը, որը պապիկս մասունքի նման էր պահում: Ի դեպ հայրս ՝ Արամ Ասատրյանը, երգելու կարողությունը ու ձայնը ժառանգել էր ծնողներից: Մեր տանը հին ձայնասկավառակների վրա պահպանվել են այն երգերը, որ երգել են նրանք:
Հեղինակ՝ Լուսինե Արշակյան