Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել
Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին հայտարարել է ինքը՝ պատգամավորը եւ ասել, որ դիմումը ներկայացրել է մի քանի օր առաջ։
««Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Հիմնադրման առաջին օրից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչը եվրոպական դատարանում:
Այս տարիներին Հայաստանի Հանրապետությունում բոլորիս ջանքերով անկասկած հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրապես եւ հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում լայնորեն կիրառման ուղղությամբ:
2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից:
2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության եւ արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որեւէ խախտում չի արձանագրել:
