Գեղանուշի պոչամբարը կմեծացնեն. Կապանի քաղաքապետարանն առայժմ լուռ է
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» կանադական ընկերությունը առաջիկայում զգալիորեն կմեծացնի Գեղանուշ պոչամբարի ծավալը:
Սեպտեմբերի 23-ին Կապանի քաղաքապետարանում տեղի կունենա այս հարցով հանրային քննարկում: Ըստ Բնապահպանության նախարարության կայքում հրապարակված հայտի՝ պոչամբարի ծավալը ներկայիս 8,7 միլիոն խորանարդ մետրի փոխարեն կկազմի 11,3 միլիոն խմ: Դրա համար ընկերությունը պոչամբարի հյուսիսային մասում պատրաստվում է պատնեշ կառուցել:
«Դանդի Փրեշս մեթալզ Կապան» հանքարդյունաբերական ձեռնարկությանը պատկանող Գեղանուշի բաց պոչամբարը ունի հսկայական՝ 30 հեկտար մակերես եւ գտնվում է Կապան քաղաքի անմիջապես գլխավերեւում: Պոչամբարը կառուցել են Գեղանուշ գետի հենքի վրա, փոխելով գետի հունը: Հասկանալու համար, թե Գեղանուշի պոչամբարն ինչ արագությամբ է լցվում, նշենք, որ մինչեւ 2006 թվականը պոչամբարում կուտակված պոչերի փաստացի ծավալը կազմում էր 4,6 միլիոն խորանարդ մետր:
2009 թվականին Գեղանուշ գետի վարարման հետեւանքով պոչամբարի պատնեշը վնասվել էր` մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին: Մասնագետները պնդւոմ են, որ պոչամբարն մշտական սպառնալիք է շրջակա միջավայրին: Դրա ծավալների մեծացման եւ դրանից բխող հետեւանքների մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից, նա արձակուրդում էր: Քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը զերծ մնաց մեկնաբանությունից: Նա ասաց, որ նախագիծը կքննարկվի քաղաքապետի վերադարձից հետո եւ երեք-չորս օրից կներկայացնեն իրենց դիրքորոշումը: Հարցին, թե ո՞րն է փոխքաղաքապետի անձնական դիրքորոշումը, պոչամբարի ծավալների մեծացումը նոր խնդիրներ կստեղծի՞ համայնքի համար, Ռուդոլֆ Սարգսյանը խուսափողական պատասխան տվեց. «Այս պահին որեւէ պատասխան տալ չեմ կարող: Մի քանի օրից մեր դիրքորոշումը պարզ կլինի»:
մանրամասները՝armintes.com-ում:
