Երեւանում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքում, սեպտեմբերի 25-27-ին, կկայանա «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով, որին կմասնակցեն ԼՂՀ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իտալիայի, Սիրիայի, Գերմանիայի, Թուրքիայի մշակութային ոլորտի ճանաչված գիտնականներ:
Երեք օրերի ընթացքում նրանք կքննարկեն հուշարձանների պահպանության ու հանրահռչակման, ազգագրության, հնագիտության, պատմագիտության, ճարտարապետության ոլորտներին առնչվող հարցեր, կփորձեն գտնել դրանց լուծման մեխանիզմները: Զեկուցումների թեմաներն են` «Պատմամշակութային ժառանգության պահպանության օրենսդրական կարգավորման գծով Հայաստանի փորձը ԱՊՀ պետություններում դրա օգտագործման վերաբերյալ», «Պատմամշակութային ժառանգությունը` որպես ԼՂՀ ճանաչման ու արտաքին քաղաքականության հիմնաքար», «Ներկայիս պեղումները Սիրիայի հյուսիս-արեւելքում», «Վանի 2011թ. հոկտեմբերի 23-ի երկրաշարժի ազդեցությունը մշակութային ժառանգության վրա` ըստ Այանիսի ուրարտական ամրոցի դիտարկումների» եւ այլն:
Գիտաժողովն անցկացվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ` «Պահպանության ծառայության» հիմնադրման 25-ամյակի շրջանակներում: Վերջին երկու տարում սա ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված միջազգային երկրորդ գիտաժողովն է: