Գլաուկոմա. տեսողության գող կամ «աչքի կապույտ խամրում»
Գլաուկոման միավորում է հիվանդությունների մեծ խումբ (մոտ 60), որոնց բնորոշ է
- տեսանյարդի ախտահարումը
- ներակնային ճնշման մշտական կամ պարբերաբար բարձրացումը տոլերանտ ճնշման մակարդակից ( տվյալ մարդու աչքի համար անվնաս ճնշման մակարդակից)
- տեսողական ֆունկցիաների բնորոշ խանգարումները (տեսադաշտին բնորոշ փոփոխություններով)
Հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց առավել հաճախ հանդիպում է տարեցների և ծերունիների մոտ:

Գլաուկոման առաջացնում է տեսողական ֆունկցիաների անվերադարձ կորուստ: Հաճախ ուղեկցվում է երկու աչքերի ախտահարումով:
Ռիսկի գործոններ են հանդիսանում՝
տարիքը (հիմնականում 60-ից բարձր տարիքային խումբը)
ժառանգականությունը (գլաուկոման մոտ հարազատների մոտ)
կարճատեսությունը
շաքարային դիաբետը
զարկերակային հիպերտենզիան
գլյուկոկորտիկոիդային նյութափոխանակության խանգարումները
վաղ տարիքային հեռատեսությունը
անատոմիական առանձնահատկությունները(ակնագնդի փոքր չափերը ,հեռատեսությունը , առաջային խցիկի նեղ անկյունը,ծանծաղ առաջային խցիկը, խոշոր ոսպնյակը և այլն)
աչքի տարած վնասվածքները և բորբոքային հիվանդությունները ( ուվեիտ)
միգրենը
համակարգային գիշերային հիպոտենզիան
ծայրամասային վազոսպազմը (Ռեյնոյի համախտանիշ)
ստերոիդների երկարատև օգտագործումը և այլն

Տարբերում են բնածին, առաջնային և երկրորդային գլաուկոմա:
Բնածին գլաուկոման պայմանավորված է գենետիկորեն կամ առաջանում է սաղմնային շրջանում կամ ծննդաբերության ընթացքում տարած վնասվածքների և հիվանդությունների հետևանքով:
Բնածին գլաուկոման լինում է`
1.Առաջնային ( պայմանավորված է առաջային խցիկի անկյան և դրենաժային համակարգի զարգացման խանգարումներով)՝
Վաղ- զարգանում է կյանքի առաջին 3 տարիներին, երեխայի մոտ դիտվում է եղջերաթաղանթի պղտորում, լուսավախություն, արցունքահոսություն, աչքի կարմրություն, եղջերաթաղանթը և ակնագունդը չափսերով մեծացած են
Ինֆանտիլ-առաջանում է 3-10 տարեկան հասակում,վերոհիշյալ երևույթները չեն լինում
Յուվենիլ-առաջանում է 11-34 տարեկանում,հաճախ զուգակցվում է կարճատեսության հետ
- Զուգակցված-զուգակցվում է աչքի և օրգանիզմի այլ արատների կամ համախտանիշների հետ
- Երկրորդային -առաջանում է ակնագնդի տարբեր հիվանդությունների հետևանքով (վնասվածքներ,բորբոքումներ,նորագոյացություններ և այլն)
Մեծահասակների մոտ առաջնային գլաուկոման ունի բազմագործոնային ծագում և կապված է աչքում տեղի ունեցող տարիքային փոփոխությունների հետ:Երկրորդային գլաուկոման զարգանում է աչքի կամ ընդհանուր հիվանդությունների հետևանքով (վնասվածքներ,բորբոքումներ,նորագոյացություններ , ցանցաթաղանթի անոթային հիվանդություններ և այլն):
Տարբերում են բացանկյուն, փականկյուն և խառը տիպի գլաուկոմա:
Բացանկյուն գլաուկոման սովորաբար սկսվում և զարգանում է հիվանդի համար աննկատ ձևով, սկզբնական շրջանում առանց ցավի և տեսողության վատացման,բայց աստիճանաբար բերելով տեսադաշտի և տեսողության անվերադարձ կորստի:Տեսադաշտի նեղացումը սովորաբար սկսվում է քթային կողմից, ապա նաև նեղանում է ծայրամասային տեսադաշտը մյուս հատվածներում: Հիվանդը կարող է նկատել տեսողության կամ տեսադաշտի վատացումը հիվանդության արդեն ուշ փուլերում,երբ դժվար է դառնում պահպանել եղած տեսողությունը: Բացանկյուն գլաուկոմայի տարատեսակ է նորմալ ճնշումով գլաուկոման, երբ ներակնային ճնշման միջին մակարդակը օրվա ընթացքում ցածր է կամ հավասար 21 մմ ս ս, բայց առկա են տեսանյարդի և տեսադաշտի գլաուկոմային բնորոշ փոփոխություններ:
Փականկյուն գլաուկոմայի դեպքում դիտվում է ներակնային ճնշման կտրուկ աճ: Հիվանդը պարբերաբար կարող է ունենալ տեսողության մշուշապատում, ծիածանի օղերի առաջացում լույսի աղբյուրին նայելիս, տհաճ զգացողություններ կամ ցավ աչքի ,վերհոնքային շրջանում, գլխացավ գլխի կեսում, ճակատային շրջանում և այլն:
Փականկյուն գլաուկոմայի սուր նոպան ուղեկցվում է աչքի ցավով,որը ճառագայթում է դեպի գլխի համապատասխան կես, ծիածանի օղերի առաջացում լույսի աղբյուրին նայելիս, տեսողության վատացումով, աչքի կարմրությամբ: Կարող է լինել գլխապտույտ,սրտխառնոց, փսխում, երբեմն ցավը կարող է ճառագայթել սրտի կամ որովայնի շրջան: Ներակնային ճնշումը բարձրանում է մինչև 60-80 մմ ս ս: Այս դեպքում պահանջվում է շտապ բժշկական օգնություն ներակնային ճնշումն իջեցնելու համար, քանի որ կարող է մի քանի օրում զարգանալ կուրություն:

Տարբերում են գլաուկոմայի 4 փուլ, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ է տեսանյարդի և տեսադաշտի համապատասխան վնասում: Կենտրոնական տեսողությունը մինչև գլաուկոմայի 3-րդ փուլը կարող է լինել բարձր, ուղեկցվելով տեսադաշտի արտահայտված կոպիտ փոփոխություններով: 4-րդ փուլի դեպքում լինում է կուրություն:
Նորմայում իրական ներակնային ճնշումը տատանվում է 9-21 մմ ս ս սահմաններում, իսկ ըստ Մակլակովի տոնոմետրի (10գ) չափման ՝ 17-26 մմ ս ս : Սակայն կա <<տոլերանտ ճնշում >> հասկացություն: Դա այն ճնշման տիրույթն է,որն անվնաս է տվյալ մարդու համար:Օրվա ընթացում ներակնային ճնշման տատանումները չեն գերազանցում 4-5 մմ ս ս:
Գլաուկոմայի ախտորոշման համար կատարվում են մի շարք հետազոտություններ ( տեսողության սրության ստուգում, ներակնային ճնշման չափում, ակնահատակի քննություն, տեսադաշտի քննություն, բիոմիկրոսկոպիա, առաջային խցիկի անկյան քննություն- գոնիոսկոպիա, եղջերաթաղանթի հաստության որոշում- պախիմետրիա, ՕCT հետազոտություն և այլն):
Գոյություն ունի գլաուկոմայի բուժման 3 եղանակ, որոնք ուղղված են ներակնային ճնշման իջեցմանը մինչև նպատակային ճնշման մակարդակ և եղած տեսողությունը հնարավորինս պահպանելուն: Դրանք են՝
1.Դեղորայքային բուժում
2. Լազերային բուժման եղանակներն են՝
Լազերային իրիդէկտոմիա- ծիածանաթաղանթի ծայրամասային հատվածում ձևավորվում է փոքր անցք ՝ ներակնային հեղուկի արտահոսքը հետին խցիկից դեպի առաջային խցիկ հեշտացնելու նպատակով: Կատարվում է բբի ֆունկցիոնալ կամ օրգանական բլոկի ժամանակ, կանխարգելիչ նպատակով փականկյուն և նեղանկյուն գլաուկոմաների դեպքում:
Լազերային տրաբեկուլոպլաստիկա – տրաբեկուլյար ցանցի ներքին մակերեսին բազմաթիվ լազերային ազդակներով ազդելով ՝լավանում է ցանցի թափանցելիությունը ներակնային հեղուկի արտահոսքի համար: Կատարվում է բացանկյուն գլաուկոմայի դեպքում:
Դիոդլազերային ցիկլոկոագուլյացիա-լազերով ազդելով թարթչային մարմնի ելունների վրա և առաջացնելով դրանց ատրոֆիա՝ նվազեցվում է հեղուկի արտադրությունը: Կիրաովում է ցավացող նեովասկուլյար գլաուկոմայի վերջին փուլում կամ գլաուկոմայի ուշ փուլերում:
Վիրահատությունները բազմազան են. ուղղված են հիմնականում ներակնային հեղուկի արտահոսքը լավացնելուն՝արտահոսքի նոր ճանապարհ ստեղծելու եղանակով:
Հոգալով Ձեր տեսողության մասին՝ «Տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոն»-ը առաջարկում է աչքի հիվանդությունների բուժման նորարար տեխնոլոգիաներ: «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»- լավագույնը Ձեր աչքերի առողջության համար:
«Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»
+374 99 455 577
www.eyelasercenter.org
