Գնդապետ Ջալալ Հարությունյանը՝ Ջրօրհնեքի Խաչի կնքահայր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Պատարագին ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այս տարի Հայրապետական ամպհովանին թափորի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի և Սերժ Սարգսյանի գլխավերևում պահում էին Հայ Առաքելական եկեղեցու բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Կոնվերս» բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Ավանդության համաձայն, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարում է նաև Ջրօրհնեքի արարողություն: Այս տարի Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ԼՂՀ Պաշտպանական բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանը:
