Գործի են անցել մաֆիոզ գլավարներն ու գծատեր աֆտարիտետները
Fnews.am-ը ՎԱՐԿԱՆԻՇ խորագրի շրջանակներում, այսուհետ անդրադառնալու է հայրենի օրենսդիրներին՝ անուն առ անուն:
Վերջին օրերին, Հայաստանյան քաղաքական դաշտում այնպիսի աննախադեպ կրկեսային համարներ են բեմադրվում, որ հասարակության մի զգալի այլեւս թքած ունի, թե ինչ նոր արարքների կարող է հանդիպել ստեղծագործական այս բուռն շրջանում:
Բայց մյուս կողմից էլ՝ փաստ է, որ այս քար անտարբերության պայմաններում քաղաքական ուժերը, մասնավորապես կուսակցական թզուկները գլուխ են ջարդում կրկին իրենց «մուսկուլները ցուցադրելու», ու ժողովրդի անունից քաղաքական դաշտ «սողոսկելու» համար, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նման պրիմիտիվ քայլերն ու աճպարարական հմտություններն այլեւս հաշիվ չեն:
Ինչ արած, թե՛ քաղաքական թզուկների, եւ թե՛ մերօրյա գիգանտների ցանկությունն ու նպատակը մեկն է՝ որքան հնարավոր է չկորցնել օգտակարության գործակիցը ( կամ ինչպես ասում են օգտագործվելու), որպեսզի այդ նույն Հայաստանի հասարակությունից գռփած իրենց ահռելի հարստությունն ու կապիտալը կարողանան պահպանել, դե բնական ժողովորդական կարգեր հաստատելով ու ժողովրդավարություն գոռալով:
Կարծում եմ, հասարակության մի ստվար զանգվածն էլ չի մոռանում, որ ներկա իրողությունները հանդուրժելու պարագայում, նորից վետո է դնում ժողովրդավարության մուտքը դեպի Հայաստան, նպաստելով մաֆիոզ կուսակցությունների ու նրանց գլավարների գործունեությանը ՝ թույլ տալով որ իրականում գաղափարազուրկ խամաճիկները, դատարկ դհոլներն ու անբանները, նորից որոշեն մեր վաղվա օրն ու մեր սերունդների ճակատագիրը:
Եւ մինչ այս ներքաղաքական թոհ ու բոհի մեջ, ընդդիմադիր կամ այլընտրանքային կեցվածք ընդունող ուժերն իրենց կորցրածը փորձում են ետ բերել, հետաքրքիր կերպարանափոխումներ են գրանցվում նաև ներկայիս շատ ու շատ խորհրդարանականների շրջանում, ովքեր այս կամ այն պատճառով մնացել են առանց տանիքի ու քաղաքական կնքահայրերի,
որոնց գործն ինչ խոսք, իսկապես բուրդ է:
Մասնավորապես 2015 թվականի փետրվարյան հայտնի զարգացումների ժամանակ, «առնետավազքի տակ մնացած» պատգամավորները, այս ընթացքում փորձում են թեկուզ որպես կցորդի կարգավիճակում հայտնվել այնքան բաղձալի իշխանության գրկում, քանի որ քաղաքականությունից հեռանալու պարագայում նրանք շատ լավ գիտակցում են, որ բառիս բուն իմաստով «ֆուկ» կլինեն հասարակական ու քաղաքական կյանքից:
Ասում են, այս ժամանակահատավածում հատկապես լուրջ փնտրտուքների մեջ է ընկել ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ (Կարամելի Հարութը), ով ՀՀԿ ու ԲՀԿ-ի հետ միասին երկար ճանապարհ է անցնել խորհրդարանում՝ «բրոնիա» անելով պատգամավորական աթոռը:
Հիշեցնենք, որ նախորդ` չորրորդ գումարման խորհրդարանում Հարություն Ղարագյոզյանը ՀՀԿ խմբակցության անդամ էր, իսկ այսօրվա Ազգային ժողովում` «Բարգավաճ Հայաստան»:
Ղարագյոզյանը թեեւ խորհրդարանի հնաբնակներից է, սակայն երբեւէ խորհրդարանական կյանքում ակտիվություն չի ցուցաբերել: Եթե որեւէ մեկը նրան կտեսնի խորհրդարանի ամբիոնի մոտ, թող ասի, որ «թաթիկով անի»:
Նա լուռ եկել է ԱԺ եւ պատերի տակով ծածուկ հեռացել, այնպես, որ ոչ ոք նրան նրան չնկատի:
25 տարվա պատգամավորական ստաժ ունի եւ այդ տարիների ընթացքում հասցրել է լինել միայն իշխող կուսակցությունների ներկայացուցիչ: Բայց որեւէ մեկը չի կարող հիշել Ղարագյոզյանին խորհրդարանի ամբիոնի կամ խոսափողի մոտ: Նա հաճախ բացակայող մանդատավորներից է, սակայն, պարտաճանաչ կերպով ստանում է պետությունից իրեն հասանելիք աշխատավարձը:
Ղարագյոզյանը, ով իրականում պետք է զբաղվեր օրինաստեղծ գործունեությամբ, փոխարենը նա Բարձրաոլտ էլեկտրացանցերի բաժնետոմսերի սեփականատեր էր, մայրաքաղաքի ներքաղաքային ու միջմարզային երթուղիների գծատեր, Վրաստանում, մասնավորապես Բաթումիի ու Քոբուլեթիի մոտ քոթեջների թաղամասեր է ստեղծում, ու այդպես շարունակ:
Ի դեպ, Կարամելի Հարութ մականունը, նա ձեռք է բերել Երևանի հրուշակեղենի և կարամելի գործարանի տնօրեն և սեփականատեր եղած ժամանակ, հետո` այն վաճառել է հայտնի գործարար Հրանտ Վարդանյանին:
Ազգային ժողովը մշտապես իր մականունով քաղցրացնող այս պատգամավորը, ճիշտ է, խորհրդարանի հին «վոժդերից» է, բայց երբեւէ աչքի չի ընկել խորհրդարանական կյանքում ցուցաբերած ակտիվությամբ։ Նա լուռ ու մունջ եկել է իր «գործին», նիստերի կեսից արագորեն լքել է ԱԺ-ի շենքը եւ մշտապես հաջողեցրել է չպատասխանել լրագրողների հարցերին՝ հեռու մնալով հազար ու մի տեսակ շառ ու փորձանքից։
Ցավալի է, բայց փաստ, որ հինգ անգամ անընդմեջ մանդատ ստացած այս պատգամավորը, հինգ հնչյուն անգամ չի արտաբերել ԱԺ ամբիոնից։ Ինչը բնավ չի խանգարել Ղարագյոզյանին այս տարիների ընթացքում սովորել իր գործընկերների կոճակների տեղերը ու նրանց փոխարեն քվեարկություն կատարել։
Եվ այսպես, 1990 թ-ից Աժ ում հաստատված մեր ստաժավոր պատգամավորի կենսագրականից տեղեկանում ենք, որ 1986 թ-ին նա ավարտել է ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2000 թ-ին՝ Երեւանի պետական համալսարանը։ Կարճ ասած՝ Ղարագյոզյանը տնտեսագետ-իրավաբան է։ Միայն թե հետաքրքիր է, խորհրդարանում ո՞ր նեղ օրվա համար է Կարամելի Հարութը պահել իր մասնագիտական հմտությունները։ Ինչեւէ, 1985-1990 թթ-ին, նշվում է, որ Ղարագյոզյանը աշխատել է «Հայխողովակառ» վարչությունում՝ որպես տնտեսագետ, բազայի տնօրեն, 1992-1993 թթ-ին` «Հայմետաղառ» ֆիրմայի տնօրեն, 1993-1995 թթ-ին` Երեւանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի տնօրեն, 1995-1999 թթ.` «Հայհրուշակ» ԲԲԸ-ի նախագահ։ Արդեն իսկ պարզ է դառնում, որ այս ժամանակաշրջաններից էլ սկսվել են Կարամելի Հարութի ծաղկուն աշխատանքային տարիները, եւ մարդն էլ, որ ոչ ավել, ոչ պակաս՝ դարձել է Կարամելի Հարութ։
Նշենք նաեւ, որ մասնագիտությամբ տնտեսագետ Ղարագյոզյանը խորհրդային տարիներին իր աշխատանքային գործունեությունը սկսել է գնացքի վագոն-ռեստորանում հացաբուլկեղենի ու երշիկեղենի վաճառքից, ինչում նրան օգնել են ընկերները։ Իսկ ներկայիս թաքնված մինի օլիգարխ Ղարագյոզյանը, 90-ականների ընթացքում հաջող բիզնեսով զբաղվելուց ու լուրջ կապիտալներ ձեռք գցելուց հետո հաջողեցրել է գրոշներով մեծ քանակությամբ երթուղային տաքսիներ գնել:
Ի միջի այլոց, երթուղագծերի արքա համարվող Ղարագյոզյանը անշարժ ու շարժական գույք չհայտարարագրելով հանդերձ, այնուամենայնիվ, բավական թանկարժեք ավտոմեքենա ունի, որով որոշ ժամանակ առաջ վթարի էր ենթարկվել նրա որդին: Նա ունի նաեւ բավական մեծ գազալցակայան, որտեղ լիցքավորվում են իր միկրոավտոբուսները: Այդ գազալցակայանի համար էլ, օգտագործելով իր ազդեցությունն ու կապերը, ԱԺ պատգամավորն օրինական հողօգտագործողներից խլել էր 3500 քմ տարածք եւ կտրել հարյուրից ավելի ծառ:
Ահա այսպիսին է, խորհրդարանի ամբիոնից լուրջ հեռավորություն պահպանող Ղարագյոզյանը, ով միշտ «ջրից» չոր է դուրս գալիս հատկապես իրավապահ համակարգում ունեցած իր կապերի շնորհիվ: Թեեւ նա ներկա ժամանակներում, ասում են զգաստանում է հատկապես ՀՀ ոստիկանապետի անունը լսելիս… Դե իրավապահ համակարգում բարեկամներ ունեցող օրենսդիրը, լավ գիտի օրենքի գինը:
Աժ-ում չխոսականի անուն ձեռք բերած Ղարագյոզյանը, թվում է` երբեք «ռազբորկաների» ու սկանդալային պատմությունների մեջ չի հայտնվում եւ որ համեստության օրիգինալ տիպար է, բայց իրականում, շատ հաճախակի են պպտվում խոսակցություններ այդ մասին, որ դա ընդամենը միֆ է: Նա ոչ թե համեստ է, այլ ընդհատակյա գործող տեսակ է...
Եւ երեի թե դա է պատճառը, որ Ղարագյոզյանը՝ իր ոճին հավատարիմ, (ըստ շրջանառվող լուրերի)«տալիս-առնում» է դրսի քրեական «ախպերների» հետ, կարծելով որ այդպես ցանկացած հարց կարող են անաղմուկ լուծել:
Իսկ ինչ վերաբերում է Ղարագյոզյանի քաղաքական դեգերումներին ու պատկանելությանը, ապա տարբեր ժամանակներում նա կարող է տարբեր պատկանելություն ունենալ եւ ամենակարեւորը՝ տեղավորվել բազմատեսակ գաղափարախոսությունների շրջանակներում։ Նժդեհականից մինչեւ ՕԵԿ-ական, «Հանրապետություն» պատգամավորական խմբից մինչեւ Երկրապահ կամավորական, հետո Միասնություն խմբակցություն, կարճ ասած` ամեն տեղ, միայն թե «տակից» մի մանդատ դուրս գա ու ապահովի Ղարագյոզյանի բիզնես հաջողությունները։
Գխավորը այն է, որ ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող Ղարագյոզյանը, ըստ էության երբեք պատգամավորական գործունեությունեությամբ չի զբաղվել, երբեւէ հարց չի բարձրացրել, ընտրողի ձայնը տեղ չի հասցրել, այլ ընդամենը իր «փայ կնոպկան» է սեղմել, ու ու հլու-հնազանդ ծառայել նրան, ում «կռիշ»-ի տակ իրեն ապահով է զգացել: Ժողովրդի հերն էլ անիծած: Այսպիսին են մերօրյա բարեփոխված պատգամավոր-գծատերերը, արթնանում են մի առավոտ, եւ իրենց գտնում են հռչակավոր…
Հուսանք հաջորդ խորհրդարանում ոչ թե գերիշխող կլինեն մաֆիոզ դեմքերն, ու գծատեր աֆտարիտետները, այլ լուրջ դերակատարություն և նշանակալի ներկայություն կունենան ինտելեկտուալ հատվածի ներկայացուցիչները: