Գորիս քաղաքը զարթոնք է ապրում.JCB էքսկավատորներն արդեն համայնքում են
Նոր տեխնիկայի շնորհիվ համայնքում տարվող աշխատանքներն առավել արդյունավետ կկատարվեն։ Գորիս համայնքին տրամադրվելու է շուրջ 704 միլիոն դրամի տեխնիկա:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գորիս համայնքին կտրամադրվի 5 ավտոբուս, 3 հատ JCB էքսկավատոր, 2 հատ ԿամԱԶ ինքնաթափ ավտոմեքենա, 1 հատ համակցված ճանապարհային մեքենա, 2 հատ Գրեյդեր,1 հատ ամբարձիչ, 1 հատ ՈՒԱԶ ուղևորաբեռնատար, 1 հատ տեխսպասարկման մեքենա, 1 հատ բուլդոզեր, 2 հատ հացահատիկային կոմբայն, 2 հատ ինքնագնաց խոտհնձիչ: Նախատեսվում է նաև 1 հատ աղբատար ավտոմեքենայի և 50 հատ աղբարկղերի ձեռքբերում: «Գորիս խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և տրանսպորտային համակարգի բարելավում, գյուղատնտեսության ոլորտի աջակցություն, աղբահանության և լուսավորության համակարգի արդիականացում, ջրամատակարարման համակարգի բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 634 նոր էներգախնայող լուսատուի ձեռքբերում և հին լուսատուների փոխարինում դրանցով, Վերիշենի խմելու ջրի ցանցի և ջրընդունիչների (կապտաժների) նորոգում: Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ Գորիս խոշորացված համայնքի հանրային ծառայությունների ոլորտի բարելավումը. համայնքապետարանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և քանակական աճը, գյուղատնտեսության ոլորտի աջակցությունը, համայնքում աղբահանության բարելավումը և լուսավորության համակարգի արդիականացումը, Վերիշեն բնակավայրի խմելու ջրի ցանցի և ջրընդունիչների նորոգումը:
Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվում է ներդրումային ծրագիրը:
