Գորիսի քաղաքապետը հրաժարականի դիմում է գրել
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում խիստ լարված են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում: Տարիներ ի վեր Գորիսը եղել է Լիսկայի բաստիոնը, քաղաքապետերն էլ՝ իր կամակատարները: Ըստ էության, վերջին բաստիոնն ընկավ։ Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվել, այժմ ուղիղ քաղաքապետին ասվել է՝ դիմումդ գրի, գնա: Այսքան ժամանակ Ադունցը դիմադրում էր, անգամ օրերս «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել է, որ «ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, սակայն չի գրել եւ չի պատրաստվում գրել»։ Բայց երեկ տեղեկացանք, որ հրաժարականի դիմումը գրվել է, ընդ որում՝ «հիվանդության պատճառով» ծեծված ու կեղծ պատճառաբանությամբ։ Ըստ ամենայնի, նա հույս է ունեցել հանդիպել մարզպետի վերադասի հետ եւ լուծել հարցերը, այդ մասին անգամ ասել է սյունյաց լրատվամիջոցին, սակայն հանդիպումը կամ չի կայացել, կամ եղել է ի վնաս քաղաքապետի եւ դիմումը գրվել է։ Ուշագրավն այն է, որ սեպտեմբերի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել «Անի պլազայում», որտեղ զեկուցողներից մեկը Վաչագան Ադունցն է լինելու: Ադունցը «Միացյալ կայուն խելացի քաղաքներ ծրագիր. Գորիսի օրինակը» զեկույցով է հանդես գալու: Հետաքրքիր է՝ զեկուցումը կհանվի, թե՞ այնուամենայնիվ Գորիսի արդեն նախկին քաղաքապետը կմասնակցի աշխատաժողովին։
