Գորիսում կորած կինը հայտնաբերվել է Աղդամում
Փաստինֆոն գրում է. Ինչպես արդեն հաղորդել էինք, նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Արթուր Կյալունցը դիմել էր ոստիկանության Գորիսի բաժին` հայտնելով, որ հոկտեմբերի 30-ին` ժամը 10:00 սահմաններում, իր կնոջ հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից հետո վերջինը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Կնոջը հայտնաբերելու ուղղությամբ Գորիսի քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունքի չէին հանգեցրել, ինչից հետո`10 օր անց, հարուցվել էր քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվ ահա քրեական գործ հարուցելուց 3 օր հետո Սոնան հայտնաբերվել է ԼՂՀ Աղդամի տարածքում:
Նոյեմբերի 18-ին նա ներկայացել է Գորիսի քննչական բաժին և հայտնել, որ վերջին 2-3 ամիսների ամուսնու հետ հարաբերությունները լարված են եղել, պարբերաբար վիճել են տարբեր կենցաղային հարցերի շուրջ, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վերջին վիճաբանությունից հետո, ինքը դուրս է եկել տանից և առանց որևէ մեկին տեղեկացնելու, պատահական ավտոմեքենայով մեկնել Աղդամում անասնապահությամբ զբաղվող, իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող ոմն Արմենի տուն:
Բայց լսելով, որ փնտրում են իրեն, վերադարձել է ու ներկայացել բաժին:
Կինը նաև հայտնել է, որ ինքնակամ է հեռացել տնից ու մեկնել ԼՂՀ, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, սպառնալիքներ չեն եղել:
Այդուհանդերձ, գործի նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն:
