«Գրիշա Սարգսյանի կողմից, երեք տարի շարունակ ամեն օր ծեծվել ու նվաստացել եմ»...
Մի օր էլ Գրիշա Սարգսյանը իր տան բակում ինձ` շներին կապելու շղթայով կապել էր թզի ծառից, մենակ նրա համար, որ...
"Երեք տարի գրեթե ամեն օր ծեծվել ու նվաստացվել եմ: Ինձանից խլել էին անձնագիրս, սոցքարտն ու ծննդականս",- Fnews.am-ի հետ այսպես սկսեց զրույցը ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ գյուղի 42-ամյա բնակիչ Վահագն Ամիրխանյանը:
Ապա անդրադառնալով իր հետ ԼՂՀ-ում կատարվածին մանրամասնեց.
-Երեք տարի, որպես անասնապահ աշխատել եմ Մարտակերտի շրջանում խոշոր ձեռնարկատեր "Մարիամ" ՍՊԸ տնօրեն Գրիշա Սարգսյանի եւ նրա կնոջ Օֆելյա Օհանջանյանի մոտ: Սկզբնական շրջանում կարծես, թե ամեն բան նորմալ էր, ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ զբաղվածության ժամանակ չնկատելով, թե ինչպես է անասունը գնում ձորի բերանը, ընկել է եւ սատկել: Այդ անասունի սատկելուց հետո, Գրիշա Սարգսյանը սկսեց ինձ այսպես ասած անասունի տեղ դնել: Էդ օրվանից սկսած սկսվեց իմ դժոխային օրերը` ծեծում էր` էլ փայտով, էլ ոտքով, էլ անսունների համար հատկացված մահակով: Ինձ ուղիղ մեկ ամիս պահել էր անասնագոմի մեջ` հորթերի եւ ոչխարների հետ, գոմի դուռը գիշերը մետաղալարով փակում էր, որ հանկարծ դուրս չգամ: Մի օր էլ Գրիշա Սարգսյանը իր տան բակում ինձ` շներին կապելու շղթայով կապել էր թզի ծառից, մենակ նրա համար, ինչ է, թե երեկոյան անասունները դաշտից տուն վերադառնալու ժամանակ հորթերը խառնվել էին կովերին, իսկ ես դա չի կարողացել կանխել: Էդպես հինգ ժամ անձրեւի տակ շան պես թզի ծառից կապված եմ մնացել, հետո մի կերպ կարողացել եմ մի ձեռքս ազատել այդ շղթայից: Պատկերացրեք ինքը էնքան ամուր մեջք ուներ, որ շղթան ձեռքիս գնացել էի ոստիկանության Մարտակերտի բաժին, որ բողոքեմ: Բայց տեղի ոստիկանները բավարարվել են միայն նրանով, որ կանչել են Գրիշա Սարգսյանին, ով բանալիով ձեռքս ազատել է շղթայից, բայց քրեական գործ չեն հարուցել: Ինձանից աշխատելուս հենց առաջին օրվանից խլել են անձնագիրս, վարորդական իրավունքս, սոցքարտս ու ծննդականս: Ասում էին` քո ինչին ա պետք սուս-փուս տեղդ նստի: Գրիշան ինձ սոված էր պահում, նրա աղջիկներն էին ինձ հորից թաքուն մի կտոր հաց բերում, որ ուտեմ` չմեռնեմ: Թե չէ, որ մնար Գրիշա Սարգսյանին, կարող է եւ սովամահ լինեի: Չեք պատկերացնում ոնց էր ծեծում, ամբողջ մարմինս կապտուկներ էր անում: Մինչեւ էսօր էդ հարվածների ուժը զգում եմ վրաս: Ուզում եմ նաեւ շեշտել, որ մինչ իմ այնտեղ աշխատելը, Օհանջանյանի մոտ անասնապահ է աշխատել Հայաստանի Մարտունի քաղաքից Գյուլնարա Օհանյանի տղան` 12-ամյա Ավետիքը, որը Մարտակերտի դաշտերում անասուն պահելու ժամանակ, 2005թ. օգոստոսի 14-ին նռնակի պայթյունից զոհվել է: Ավետիքի 8-ամյա քույրը` Անին, Մարտակերտում արածեցրել է այլ անասնատիրոջ ոչխարները: Մի օր թունավորվել էի, հաջորդ օրը տեղափոխվել էին Մարտակերտի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Դեռ չէի ապաքինվել, սակայն Օֆելյա Օհանջանյանի հեռախոսազանգ-պահանջով բաժանմունքի վարիչը ինձ միանգամից դուրս գրեց: Նման անմարդկային վերաբերմունք ես նույնիսկ թշնամուս չէի ցանկանա: Տաքության մեջ, ոտքերս հազիվ հետեւիցս քարշ տալով անասուն էի պահում...
Տաթեւիկ Աբրահամյան
