Գյումրեցի երեխային դանակով է հարվածել, քանի որ զենքը չի կրակել.մանրամասներ
Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը, շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայում, որտեղ գտնվում են նաև հայ իրավապահները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանն ասաց, որ Պերմյակովը, ըստ էության, ընդունել է, որ ինքն է սպանել ընտանիքի անդամներին, նա գործել է միայնակ: Նրա տուն մտնելուց հետո ընտանիքի անդամները չեն հասցրել դիմադրել, ամեն ինչ եղել է շատ արագ, իսկ արձակված բազմաթիվ կրակոցների ձայները հարեւանները շփոթել են հրավառության, պայթուցիկի ձայների հետ:
Ինչ վերաբերում է 6 ամսական բալիկին դանակով հարվածներ հասցնելուն, Պերմյակովն ասել է, թե այդ ժամանակ զենքը չի կրակել, այսպես ասած՝ փուստ է անցել, դրա համար վախեցել է եւ դանակով է հարվածներ հասցրել նրան: Արդյոք Պերմյակովը որևէ առողջական խնդիր ունի, թե ոչ, Վահագն Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կպարզի փորձաքննությունը: Նրան առաջիկայում կտրամադրվի պաշտպան, 48 ժամվա ընթացքում կորոշվի խափանման միջոցի հարցը:
