Գյումրիի դեպքերով 6-ամսական փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:
Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից՝ երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:
Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:
