Գյումրիի մահաբեր ավտովթարից հրաշքով փրկված Երիտասարդը պատմում է մանրամասներ (Video)
1in.am-ը գրում է. 17-ամյա Հովհաննես Չախոյանը Երևան-Գյումրիի ճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից հրաշքով փրկվածներից մեկն է: Հիմա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Եկել էր Երևան դասընթացների, վերադառնում էր հայրենի Գյումրի, երբ վթարը տեղի ունեցավ: Սովորում է Գյումրու 4-րդ ուսումնարանում, իսկ Երևանում ծրագրավորում է սովորում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննեսը պատմեց վթարի հետ կապված մանրամասներ:
Քնած էի, ուժեղ ձայն լսեցի, զարթնեցի, շուշեքի դուրս թռնելու պահը տեսա: Հետո տեսա, որ այրվում է, գլխով խփեցի, շուշեն ջարդեցի, դրանից հետո բան չեմ հիշում: Արթնացա, տեսա կողքս մարդիկ կան, որ վառվում են, սկսեցի ձեռքով մարել: Դրանից հետո մեքենայով տարան հիվանդանոց: «Երկուսին հասցրի ձեռքերով մարել, մյուսներին չեմ հիշում»,- պատմեց նա:
Հովհաննեսի ձեռքերը երկրորդ կարգի այրվածք են ստացել: Նրան սկզբում Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ գլուխը նկարելուց հետո վնասվածնքեր են կասկածել և ուղարկել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հերքվել է գլխի վնասվածքը, քթի կոտրվածքը: «Իմ տղես թազա ա ծնվել: Ամեն տարի էս օրը կնշենք: Հիվանդանոցի ճանապարհին մոտով անցանք, և նոր սարսափ զգացի. ինչի միջով ենք անցել»,- հուզված նշեց Հովհաննեսի մայրը:
Հովհաննեսը պատմեց, որ ինքը նստած է եղել «Գազելի» վերջին նստարանի ձախ կողմում:
«Էդ պահին մտածում էի՝ երազ է, իրականություն չէ: Ես բեռնատարը չեմ տեսել, միայն «Գազելի» արգելակման ձենը լսեցի, աչքերս բացեցի ու հարվածը եղավ»,- նշեց Հովհաննեսը:
Բժիշկները հիվանդի վիճակը գնահատում են բավարար: Հավանաբար երկու օրից Հովհաննեսը կգնա տուն:
