Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորը ԲՀԿ չի վերադառնա, եթե անգամ Ծառուկյանը վերադառնա (Video)
1in.am-ը գրում է. Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտոր, Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատասխանատու Վարդևան Գրիգորյանն այսօր Մարզահամերգային համալիրում ներկա էր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդևան Գրիգորյանն ասաց, որ մեծ պատիվ է Հայաստանի, հատկապես կրթական համակարգի համար, որ նման խոշոր համաժողովն անցկացվում է Հայաստանում։ «Սա խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը արյունով, սրտով կապված է կրթության հետ»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ բացի կրթական մակարդակից՝ Հայաստանի բուհերի խնդիրը նաև կուսակցականացված լինելու մեջ է, և հարցին՝ որպես նախկին ԲՀԿ-ական, ի՞նչ կարող է ասել՝ արդյոք կուսակցականացվա՞ծ է եղել նաև Գյումրու Մանկավարժական համալսարանը, Վարդևան Գրիգորյանը պատասխանեց. «Կարող եմ հպարտությամբ ասել, որ 13-րդ տարին է՝ ղեկավարում եմ ԳՊՄԻ-ը, եղել եմ ԲՀԿ անդամ, վերջին իրադարձությունների հետ կապված՝ հրաժարվել եմ անդամությունից, ունեցել եմ 500-ից ավելի աշխատակից, 6000-ից ավելի ուսանող, բայց մատների վրա կարելի էր հաշվել ԲՀԿ անդամների թիվը: Ամեն ինչ արվել է, որ հատկապես ուսանողները քաղաքական գործընթացներում չներգրավվեն»:
Հետաքրքրվեցինք նաև՝ եթե Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն՝ ինչպես այս օրերին այդ մասին նշվում է, հնարավո՞ր է՝ ինքը նորից դառնա ԲՀԿ անդամ և ղեկավարի Շիրակի մարզի կառույցը։ «Ճիշտն ասած, հրաժարվելուց հետո պարոն Ծառուկյանի հետ չեմ հանդիպել, ինքն էլ նշել է, որ քաղաքականությունից հեռանում է: Իսկապես, վերջին շրջանում կարդացել եմ, որ հնարավոր է՝ վերադառնա, այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Բայց Աստծո տված մնացած կյանքը կապրեմ որպես անկուսակցական»:
