Գյումրիում նորածնին վաճառած մորը մեղադրանք է առաջադրվել
Գյումրիում նորածնին վաճառելու գործով մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ 25-ամյա կնոջը: Վերջինս, ծննդաբերելով տղա երեխա, նրան վաճառել է 1000 ԱՄՆ դոլար:
Ըստ մեղադրանքի՝ կինը, լինելով հղի և չունենալով բավարար միջոցներ երեխային խնամելու համար, 2014թ. մայիս ամսին հարևանի տանը վերջինիս քրոջ ամուսնու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նրա խնամքին հանձնելու նպատակով իր ապագա երեխային վաճառելու շուրջ: Տղամարդը ծննդկանին պետք է վճարեր 1000 ԱՄՆ դոլար գումար:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ծննդաբերելուց հետո, պայմանավորվածության համաձայն՝ ՔԿԱԳ Գյումրու տարածքային բաժնում ծննդկանի և տղամարդու դիմումների հիման վրա վերջինս ճանաչվել է նորածին երեխայի հայր, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, տղամարդը երեխային տարել է: Հանցագործությունը բացահայտվել է, երբ երեխայի տատը բողոքել է, թե թոռան նոր ընտանիքը խոստացված գումարը չի տվել:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով:
