Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունից տուժած փոքրիկի վիճակը բարելավվել է
Գյումրիում տեղի ունեցած հանցագործության ժամանակ հրաշքով փրկված 6 ամսական փոքրիկի առողջական վիճակում դրական տաղաշարժ կա: Այս մասին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հրավիրված բժշկական կոնսիլիումից հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Երեկոյան դրական տեղաշարժը ավելի նկատելի կլինի: Ժամանակի խնդիր է: Փոքրիկի առողջական վիճակը մեր հսկողության ներքո է: Երեխան պետք է ապրի»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարը նշեց նաև, որ մասնագետները ճիշտ են գնահատել փոքրիկի հետշոկային վիճակի հետևանքով առաջացած խնդիրները և մշակել նրա բուժման համար անհրաժեշտ միջոցառումները:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ նշեց, որ բժիշկներն ամեն ժամ և վայրկյան կատարում են իրավիճակի վերլուծություն, բայց և հավելեց, որ դեռևս վաղ է երկարաժամկետ կանխատեսումներ անել:
