Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված խորհրդարանական լսումները բաց են լինելու
Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի 334 սենյակում կանցկացվեն «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումներ:
Լսումներ կազմակերպելու մասին որոշումն ընդունվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, լսումները բաց են: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է, ով, ի դեպ, միակ հրավիրված պաշտոնատար անձն է:
Ըստ Հ.Սահակյանի՝ քանի որ գործը նախաքննական փուլում է, և ԱԺ-ն առանձնապես տեղեկատվություն չունի, ակնկալում են լսել Գլխավոր դատախազին:
Լսումների կազմակերպման նպատակը ևս մեկ անգամ վերահաստատելն է, որ ԱԺ-ն, որպես ներկայացուցչական մարմին, այս գործը պահում է իր ուշադրության կենտրոնում:
