Գյումրու քաղաքապետը զսպվածության կոչ արեց
Shabat.am-ը գրում է. Հանցագործը դավանանք, ազգություն չունի, այստեղ չպետք է ասենք՝ ռուս կամ հայ. պետք չէ այս հարցը ռուս-հայկական հարաբերությունների սեղանի վրա դնել։ Այս մասին մամուլի ասուլիսին այսօր ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին սպանդի համար մեղադրվող ռուս զինվորականին։
Նա կոչ արեց մեկ կամ երկու դեպքի պատճառով սեպ չխրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ։
«Այստեղ հանցագործություն է կատարվել, որը պետք է պատժվի և մեր պահանջն է, որ մնա հանրապետությունում և այստեղ պատժվի»,-ասաց նա։
«Պետք է խստորեն պատժվի, որ դաս լինի այն զինվորականների համար, որ բերվում են Գյումրի»,-հավելեց քաղաքապետը և նշեց ռազմաբազայի ղեկավարությունը պետք է իր տեղում լինի, որ նման դեպքեր չլինեն։
Նրա համար ևս հարցեր են առաջացել, թե ինչպես զինվորը կարող էր ալկոհոլ օգտագործել և ավտոմատով դուրս գալ, և կարծում է, որ ռազմաբազայի անձնակազմը ունի իր մեղավորությունը։
«Ես՝ որպես Գյումրու քաղաքապետ, պատասխանատու եմ իմ քաղաքացիների համար, շատ եմ սիրում իմ քաղաքը և իրականում ծառայում եմ քաղաքին, որ ինչ-որ փոփոխություններ լինի բարոյահոգեբանական մթնոլորտում»,–ասաց նա։
