Գյուղապետի պաշտոնի միակ հավակնորդը նախկին գյուղապետի եղբայրն է
Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքի ղեկավարի նոյեմբերի 23-ին անցկացվելիք արտահերթ ընտրությանն ինքնաառաջադրված անկուսակցական երկու թեկնածուներից մեկը սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով կայքէջից, թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված, ոչ մի տեղ չաշխատող Սելվինազ Պետրոսյանը հրաժարվել է հետագա ընտրապայքարից: Արդյունքում՝ գյուղապետի պաշտոնին հավակնում է միայն գյուղապետի տեղակալ Շահեն Հակոբյանը, ով նախկին գյուղապետի եղբայրն է:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ, ըստ ընտրողների ռեգիստրի, նախկին գյուղապետը և գյուղապետի երկու թեկնածուները հաշվառված են Հանքավանում՝ նույն հասցեում:
Նշենք, որ, ըստ Հանքավան գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի որոշման հիմնավորման, համայնքի ղեկավար Հակոբ Հակոբյանը հրաժարական է տվել՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ և արտերկրում բուժման անհրաժեշտությամբ:
