Հացադուլի դիմած ընտանիքին վերջապես նկատեցին
«Մանանա Գրեյնի» փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի նկատմամբ արդար դատավճիռ կայացնելու պահանջով նախագահական նստավայրի մոտ յոթ օր առաջ հացադուլ սկսած Առուշանյանների ընտանիքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ի սահմաններում դադարեցրել է հացադուլը: Այս մասին Shabat.am-ին ասաց Աշոտ Առուշանյանի եղբայրը՝ Սլավիկ Առուշանյանը:
Նրա խոսքով՝ Աշոտ Առուշանյանը շարունակում է հացադուլը կալանավայրում, թեև նրանք ցանկանում են, որ նա էլ դադարեցնի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին դատարանում Աշոտը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ պահանջելով արդար դատավճիռ և հանդիպում արդարադատության նախարարի հետ:
«Նախագահականի վերահսկողական ծառայությունից մեզ կանչեցին, ասացին, որ արդար դատավճիռ կլինի Վերաքննիչում, մենք էլ հավատացինք ու հացադուլը դադարեցրել ենք»,- ասաց Անահիտ Առուշանյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, նրա փաստաբանը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։
