Հակահետախույզ-դատավորը՝ Տաշքենդից
lakmoes.am-ը գրում է.
Մենք արդեն անդրադարձել ենք Նոր-Արեշի 11-րդ փողոցի 84 հասցեի բնակիչներ Գառնիկ Մելոյանի ու Սվետիկ Հունանյանի տան հետ կապված քաղաքացիաիրավական վեճին: Նրանք 6 տարի պայքարում, բայց չեն կարողանում սեփականացնել ներքին առուվաճառքի պայմանագրով 1974թ.-ին գնած տունն ու հողակտորը: Չգիտեն՝ ով կամ ովքեր են այդ գործին խոչընդոտող, սեփականության կեղծ վկայականով ՛՛ֆռֆռացող՛՛ իրենց նախկին հարևան Ռաֆիկ Իսրայելյանի հզոր հովանավորները: Տարբեր աղբյուրներից կատարված մեր հարցումներից ի հայտ եկան հնարավոր հովանավորների չորս անուններ, որոնցից մեկը Ռաֆիկ Իսրայելյանի բարեկամ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանն է:
Սկզբում անունը ոչինչ չասաց: Չէի առնչվել այս դատավորի գործերին, բայց մի դետալ ստիպեց հետաքրքրվել նրանով: Նույնիսկ քաղաքապետարանը չէր համարձակվել մոտենալ պետական շահ ճանաչված վիճելի հողի, տան այն հատվածին, որը նախկինում տիրապետել էր Ռաֆիկ Իսրայելյանը, այդտեղից տուն էր ստացել, հաշվառումից դուրս եկել գնացել, իսկ 10 տարի հետո օրենքի խախտմամբ կրկին դարձել սեփականատեր: Նրան պատժող չկա:
Ուրեմն ո՞վ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից զորեղ անձը, որտեղի՞ց է ՛՛դուրս եկել՛՛ այս գործի վրա, որտեղի՞ց, ու՞մ օրոք և ի՞նչ նպատակով է հայտնվել Հայաստանի դատական համակարգում, և ինչպե՞ս է կարողանում ազդել պետական տարբեր մարմինների և արդարադատության վրա:
Մեր ուսումնասիրությունները անսպասելիորեն գերազանցեցին սպասելիքները. Նրա անձը երևակվեց երկու կարևորագույն գործընթացների ֆոնին՝ Արցախյան պատերազմի զինադադարի և հոկտեմբերի 27-ի /դրանից առաջ և հետո/:
Մինչ մանրամասներին անցնելը՝ ուշադրություն դարձնենք Լևոն Գրիգորյանի դատարանների պաշտոնական կայքում տեղ գտած կենսագրությանը:
Ո՞վ է Լևոն Վաղարշակի Գրիգորյանը
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։ 1985 թ. ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1985- 1988թթ. եղել է Ջիզակ քաղաքի Փաստաբանների մարզային կոլեգիայի փաստաբան։
1988-1989թթ. աշխատել է Երևան քաղաքի ՛՛Հայէլեկտրամեքենա՛՛ ԳԱՄ – ի իրավախորհրդատու։
1989-1992թթ. աշխատել է ՀՀ Նյութական ռեսուրսների նախարարությունում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու։
1992- 1995թթ. աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական հակահետախուզության վարչությունում՝ որպես քննչական խմբի պետ։
1995-1998թթ. եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1998-1999թթ. աշխատել է Տավուշի մարզի Իջևանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։
1999-2001թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայանքների Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Եթե մի փոքր վերլուծենք այս կենսագրությունը և նրա քննած գործերը, կգանք այնպիսի եզրահանգման, որ Լևոն Գրիգորյանը Հայաստան է եկել՝ մի քանի կարևորագույն ոլորտներում հատուկ ռուսական շահերը /ձեռքի հետ էլ անձնական/ սպասարկելու համար: Դա եղել է հեռահար նպատակ՝ ներդրված Խորհրդային Միության փլուզման հենց սկզբից, պարզապես այս կադրին բերել են ուզբեկի երկրից, որպեսզի ոչ ոք չկռահի:
Որտե՞ղ է խաչվել Գառնիկ Մելոյանի և Լևոն Գրիգորյանի ճանապարհը
Լևոն Գրիգորյանը Հայաստան է տեղափոխվել և միանգամից աշխատանքի անցել ՛՛Հայէլեկտրամեքենա՛՛ ԳԱ միավորումում՝ որպես իրավախորհրդատու:
Այդ ժամանակ նույն գործարանում է աշխատել նաև Գառնիկ Մելոյանը, ով պետք է բնակարան ստանար պետությունից՝ ՛՛Հայէլեկտրոյի՛՛ բնակֆոնդի հաշվին, և նույն հասցեի մյուս երեք ընտանիքների նման տեղափոխվեր վերոնշյալ տնից: Բայց քանի որ պետությունը չի հասցրել նրա բնակարանի շինարարությունն ավարտել, Մելոյանը մնացել է նույն հասցեում:
2004-ին, պետությունից հույսը կտրած Մելոյանները դիմել են դատարան՝ նույն տարածքի 3-րդ ընտանիքի դեմ,որն ավելի վաղ իրեն հատկացված տարածքը չէր զբաղեցրել, չէր գրանցել սեփականության իրավունքը և բնակվում էր այլ վայրում, անվավեր ճանաչելու վիճելի հասցեի նկամամբ նրանց իրավունքները: Դատարանը, որի կազմում լինում է Լևոն Գրիգորյանը բավարարում է հայցը: Հենց այս մեխանիզմով էլ հանկարծ այդ տարածքի մասին հիշում է Լևոն Գրիգորյանի բարեկամ Ռաֆայել Իսրայելյանը և իրական մտադրությունը թաքցնելով, մեկ տարի անց՝ 2005թ-ին սեփականաշնորհում է իր՝ նախկինում զբաղեցրած տարածքը տուն մտնող միակ ճանապարհի հետ միասին: Մելոյաններն այդ մասին իմանում են 2009-ին, երբ դատական կարգով փորձում են շարունակել սեփականաշնորհման գործընթացը, տեսնում են ճանապարհ չունեն: Ու չնայած վերաքննիչ քաղաքացիական դատարանի մեկ այլ դատավոր ճանապարհի մասով բեկանում է, վճռաբեկն էլ ստորադաս դատարանի այդ մոտեցումն արդարացի է համարում, այդուհանդերձ սեփականության ՛՛կեղծ՛՛ վկայականը մնում է Ռաֆայել Իսրայելյանի ձեռքում, ով անպատիժ և ընտանիքի անդամների հետ միասին մասնավոր զրույցներում հայտարարում է, որ այդ տարածքն իրենցն է լինելու:
Ուշադրություն դարձրեք ոլորտներին, որտեղ Լևոն Գրիգորյանը պաշտոն է զբաղեցրել հատուկ ռազմավարական տրամաբանությունից ելնելով: Որպեսզի տվյալ երկիրը ծնկի բերես, նախ պետք է նրան նյութական ռեսուրսներից, բնական պաշարներից զրկես: Եվ Լ. Գրիգորյանն այն ժամանակ է մտել այդ ոլորտ՝ ուսումնասիրելու, երբ այդ ոլորտի պատասխանատուներից էր հետագայում Ռոբերտ Քոչարյանի կադր դարձած նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նույնպես 1985-ին էր ավարտել ԲՈՒՀ-ը, բայց Երևանի ժողինստիտուտը և աշխատանքի տեղավորվել դեռ ԽՍՀՄ-ին ենթակա վերոնշյալ ոլորտում, 1990-1991թթ-ին մի կարճ ժամանակ աշխատել է ՛՛Հայէլեկտրամեքենա՛՛ գործարանում ՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
Այսինքն ԽՍՀՄ-ի ժամանակ ավարտած երիտասարդ վերջին կադրերից են ՛՛հավաքագրվել՛՛ և ուղարկվել տարբեր ոլորտներ: Ի դեպ, երիտասարդ կադրերին իր շուրջը հավաքելու, պաշտոնների նշանակելու գործելոճը հետագայում որդեգրեց նաև Ռոբերտ Քոչարյանը:
Պաշտպանության ոլորտ
1992-ին, երբ հայ ազատամարտիկները արցախյան պատերազմում սկսել են լուրջ հաջողություններ արձանագրել, Տաշքենդից եկած Լևոն Գրիգորյանը հանկարծ հայտնվել էՀՀ ՊՆ-ի կարևորագույն՝ ռազմական հակահետախուզության վարչության քննչական խմբի պետի պաշտոնում: Աստված գիտի, թե ինչ կամ ում է ՛՛հակահետախուզել՛՛ ՊՆ-ում, ինչ ինֆորմացիաներ է փոխանցել իրեն ՛՛գործի դնողներին՛՛, ինչ իրավական խորհուրդներ կամ ՛՛ապատեղեկատվություն՛՛ է տվել ենթականերին ու ՊՆ վերադասներին, բայց այդ պաշտոնում մնացել է մինչև 1995թ-ը: Այսինքն այնքան ժամանակ՝ մինչև պատերազմում անհամեմատ առավելություններ գրանցող Հայաստանը զինադադարի պայմանագիր կնքեց՝ մեզ համար ոչ ձեռնտու պայմաններով: Եվ պատճառը նաև նրա նման հակահետախույզներն են, որ պատերազմն այդպես էլ չավարտվեց և կրկին դրա վերսկսման վտանգն առկա է:
ՊՆ-ում իր առաքելությունն ավարտելուց և անհրաժեշտ ողջ ինֆորմացիան ամբարելուց հետո՝1995-ին Լևոն Գրիգորյանն իր հակահետախուզական գործունեությունն է սկսել ոչ ավել-ոչ պակաս Գերագույն դատարանում՝ ԳԴ-ի անդամի կարգավիճակում: Նման կտրուկ թռիչք Գերագույն դատարանում սովորաբար չի լինում, բայց եթե եղել է, ապա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ, իմացությամբ , կամ նրա թիկունքում ռուսական հակահետախուզությունը լավ է աշխատել: Հիշեցնենք, որ 1998-99թթ.-ին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձեր, սպանություններ եղան, ՊՆ-ում հաշվապահական, արխիվային ինչ-որ փաստաթղթեր հրդեհվեցին:
Քաղաքական ապակայունացման շեմին հայտնված իշխանության հանձնումից հետո Լևոն Գրիգորյանին իր հովանավորության տակ է վերցրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից ամիսներ առաջ՝ նրան նշանակել է Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր: Այնտեղ աշխատելու 2 տարվա ընթացքում Լևոն Գրիգորյանը հասցրել է նույնիսկ մարդ սպանել, բայց գործը որակվել է անհրաժեշտ պաշտպանություն և հովանավորված դատավորը շարունակել է պաշտոնավարել և նույնիսկ պաշտոնեական առաջխաղացում ունենալ: Ռ. Քոչարյանը 2001-ին նրան նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, որտեղ պաշտոնավարում է մինչ օրս:
Հակահետախույզ- դատավորը՝ ռուսական ընկերությունների գործերում
Մի քանի գործեր ուսումնասիրելուց ակնհայտ է դառնում, որ Լ. Գրիգորյանը Հայաստանի դատական համակարգում իր հակահետախուզական սովորույթները մարզելուն զուգընթաց նաև ռուսական ընկերությունների շահերն է սպասարկել: Էլ չենք ասում, որ ռուսական ազդեցության տակ գտնվող Քոչարյանի և Երվանդ Զախարյանի հանրային գերակա շահի տակ իրացված ամբողջ կենտրոնի գործերի հարցերը վերաքննիչ քաղաքացիական դատարանն է լուծել՝ Լևոն Գրիգորյանի հակահետախույզ աչքի ներքո: Դրանց գերակշիռ մասը լուծվել է ի վնաս հարյուրավոր հայ ընտանիքների, և այդ գործերն այսօր ՄԻ Եվրադատարում են:
Ռուսական ընկերություններից էլ օրինակ Լևոն Գրիգորյանը հաճույքով պաշտպանել է ՛՛Հայռուսգազարդի՛՛ շահերը /փաստաբան Գևորգ Դավթյանի գործով /գործ թիվ ԵԱՔԴ/2225/02/11/, ՛՛Հասառ՛՛ ՍՊԸ-ի գործով, որին ՛՛Հայռուսգազարդը՛՛ պետք է վճարեր 45 մլն դրամ՝ իր պարտականությունը չկատարելու հետևանքով պատճառած վնասի համար/ :
Բնապահպաններն էլ Լևոն Գրիգորյանի սրտով չեն. նրանք պայքարում են Հայաստանի ընդերքը, նյութական ռեսուրսները անխնա թալանող ընկերությունների դեմ, որոնց առյուծի բաժինը ռուսական ծագում ունեն. Քոչարյանինն են կամ նրա օրոք են ակտիվորեն ներխուժել ոլորտ: Եվ ահա Լևոն Գրիգորյանը բնապահպան Մարիամ Սուխուդյանի հայցն ընդդեմ ոստիկանության՝ լուծել է հօգուտ վերջինիս:
Կարծում եմ՝ այսքանը բավական է Հայաստանում ռուսական շահը սպասարկելու հանգամանքը հիմնավորելու համար:
Լևոն Գրիգորյանն ուզում է արդեն ներխուժել վճռաբեկ դատարան. ի՞նչու
մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
