Հակառակորդի կրակոցից զոհված Անդրանիկը մահացել է եղբոր ձեռքերի մեջ.video
Հայ- ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում՝ Նախիջեւանի հետ սահմանին, այսօր՝ հունիսի 5-ին, հակառակորդի կրակոցից զոհված՝ Արարատի մարզի 26-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Անդրանիկ Եղոյանը մահացել է հարազատ եղբոր՝ Գեւորգի ձեռքերում, որը նույն գումարտակում նույնպես պայմանագրային զինծառայող է։
«Վերջին պահին ախպորը խաբար են արել։ Ախպերը եկել, հասել ա, իրա ձեռքերում մահացել ա»,- NEWS.am-ին պատմել է Անդրանիկի մայրը՝ Նոնա Եղոյանը։
Անդրանիկի հորեղբոր տղան՝ Աշոտը, ողբերգության պահին նրա հետ նույն հենակետն էր պահում։ Աշոտը հիմա շոկի մեջ է. գրեթե չի խոսում։ Նրա կցկտուր պատմածներից մայրը հասկացել է միայն, որ Անդրանիկի գլխին հակառակորդի դիպուկահարը կրակել է զուգարանից դուրս գալիս։
Հունիսի 1-ին, երբ լրացել էր Անդրանիկի 26-ամյակը, նա դիրքերում էր։ Նույն օրը նաեւ Անդրանիկի մոր ծննդյան օրն է. զանգել էր, շնորհավորել ու խոստացել, որ հունիսի 6-ին, երբ դիրքերից իջնի, խնջույք կանեն։ Տան հարսներն այսօր արդեն սկսել էին տորթի պատրաստությունները։
Եղոն, ինչպես դիմում էին նրան ընկերները, վերջին անգամ եղբոր ու հորեղբոր որդու հետ տնից դուրս գալիս շրջվել էր երկար նայել տնեցիներին ու գրկել մորը։ Մայրը զարմացել էր՝ ոչ մի անգամ որդին նման բան չէր արել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
