Հակառակորդը ստացել է արժանի պատասխան
Դեկտեմբերի 25-ի գիշերը` ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարեւելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, որոնք անհաջողությամբ են պսակվել, եւ թշնամին ետ է շպրտվել` տալով կորուստներ: Անդրադառնալով դիվերսիոն գործողություններին մանրամասներին, Fnews.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան մասնավորապես նշեց."Հակառակորդը կրկին դիմել էր իր ստոր քայլին, սա մեզ համար նորություն եւ անակնկալ չէր: Անցած գիշեր դիվերսիոն ներթափանցումն արտառոց էր այնքանով, որ երկու ուղղություններով է թշնամին ներթափանցել, սակայն, Փառք Աստծո, հայկական կողմը, դիմագրավել է հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողություններին: Այսինքն, կրկին փորձել են դիվերսիոն հետախուզական ահաբեկչություն իրականացնել, բայց հետ են շպրտվել` տալով կորուստներ: Բարեբախտաբար մեր կողմից որեւէ կորուստ չկա, իսկ այս դիվերսսիան իրենց ոճով էր, որին նրանք պարբերաբար դիմում են:
Օրինակ, 1991 թվականի դեկտեմբերի 31-ին նրանք ողջ Ստեփանակերտ քաղաքը աննախադեպ ռմբակոծության են ենթարկել: Այսինքն նրանց գործելաոճի մեջ որեւէ բան չի փոխվել եւ հակառակորդը շարունակում է իր աննորմալ, ֆաշիստական քաղաքականությունը: Բայց միեւնույն ժամանակ ստանում է արժանի հակահարված, եւ, փաստորեն, այս պահի դրությամբ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն որդեկորույս ծնողներին, թե ինչու են դիմում նման ստոր քայլերի, որի հետեւանքով ունենում են կորուստներ: Թշնամին թող լավ իմանա մեր բանակը տալիս եւ միշտ էլ տալու է, իրենց քայլերին արժանի հակահարված: Գիշեր- ցերեկ կանգնած են մեր տղաները եւ հսկում են պետության սահմանները, եւ հետեւաբար ցանկացած այդպիսի դեպք` եւ համապատասխան գործողությունը չի ուշանա հավատացեք":
Օգտվելով առիթից, քանի որ առջեւում ամանոր է, պարոն Բաբայանը հավելեց."Նախեւառաջ անչափ շատ եմ գնահատում "Իրավունքի" հետ մեր փոխհամագործակցությամբ, որը բավականին արդյունավետ է եւ հուսով եմ առաջիկա տարիներին եւս նույն կերպ կշարունակվի: Իսկ համայն հայությանը մաղթում եմ խաղաղություն, առողջություն եւ երջանկություն":
Տաթեւիկ Աբրահամյան
