Համաժողովրդական շարժման՝ ԲՀԿ առաջարկը ոգևորություն չի առաջացրել
Համաժողովրդական շարժման աշխատանքային ձևաչափ ստեղծելու հարցով կոնսուլտացիաներ սկսելու առաջարկն առայժմ քաղաքական ուժերի շրջանում մեծ ոգևորույուն չի առաջացրել: Ավելին՝ ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերն այս պահին չեն շտապում արձագանքել ԲՀԿ առաջարկին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, օրինակ այս հարցին ի պատասխան հիշեցրեց, որ մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդեն նման մտադրության մասին հայտարարել էր:
«Մեր խնդիրն է «Քաղաքացիական պայմանագիրը» վերածել ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժի, փորձել համախոհ քաղաքական ուժերի հետ կազմել դաշինք, որից հետո կձեւավորվի պայմանական քաղաքական թիմը, որը մենք պայմանականորեն անվանում ենք ստվերային կառավարություն, որն ի վիճակի կլինի ստանձնել իշխանությունը ՀՀ-ում, եւ որից հետո տեղի կունենա իշխանափոխություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով եռյակի հետ համագործակցելու հավանականությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ իշխանական ուժերի եռյակին կսատարի, միայն երբ նրանք պահանջեն նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ի դեպ, Նիկոլ փաշինյանը նաև հիշեցրեց, որ առ այսօր ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարել:
Ի դեպ, այն, որ նման հայտարարությամբ է հանդես եկել ոչ թե եռյակը, այլ՝ միայնն ԲՀԿ-ն, տարօրինակ է համարում նաև ՀԺԿ-ն: Այդ կուսակցության վարչոիւթյան անդամ Գրիգոր Հարությունյանը կարծիք հայտնեց, թե եթե շարժումը միասնական է, դրանում բոլոր հարցերը պետք է միասնական լուծվեն:
Իսկ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը հարթակում կանգնած ուժերին լուրջ չի վերաբերվում, քանի որ, իր կարծիքով, նրանց միջև քաղաքական օրակարգ գոյություն չունի:
«Ընդամենը անձերի պայքար է, եթե ոչ՝ մեծ ֆարս: Ուստի՝ ես չեմ ցանկանում ո՛չ խանգարել, ո՛չ էլ ինչ-որ ձևով մեկնաբանել եռյակի գործունեությունը»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որում պատրաստակամություն էր հայտնել առաջիկա օրերին խորհրդակցություններ սկսելու քաղաքական ուժերի հետ՝ «տեսնելու, թե արդյոք կա՞ հնարավորություն՝ համախմբվելու իրենց առաջարկած գաղափարի շուրջ»:
Իսկ գաղափարը մասնավորապես հետևյալն է. «100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցում, ինչը ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի»:
Ի դեպ, ԲՀԿ-ն իր հայտարարության մեջ հայտնում է, թե տեղյակ է, որ «այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից ևս», բայց կարծում է, որ այդ գաղափարն էլ հենց կարող է դառնալ «տարբեր քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության լուրջ գաղափարական հենք»:
