«Հանցավոր դրսևորումներն անընդունելի են». Քննչական կոմիտե
Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել՝ վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել ևս անընդունելի են հանցավոր դրսևորումները։ Քիչ առաջ ֆեյսբուքում նման գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Նա միաժամանակ հերքել է կայքերից մեկի տարածած տեղեկատվությունը թե ձերբակալվել է ՀԿԳ քննության վարչության քննիչներից մեկը։
«Հարգելի լրագրողներ՝ պարզաբանում եմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որևէ քննիչ չի ձերբակալվել։ Քրեական գործ է քննվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչի վերաբերյալ, ով այսօր առավոտյան հրավիրվել է հարցաքննության։ Քրեական գործի մասին տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը։ Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին, ինչն ուղղակիորեն չի առնչվում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ։
Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել ևս անընդունելի են հանցավոր դրսևորումները։ Լիահույս ենք, որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը և յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք գնահատական»,- ֆեյսբուքում գրել է Ս.Տռուզյանը։
