Հանդիպում Բելգիայի թագավորության խորհրդարանականների հետ
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 7-ին հանդիպել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ պատվիրակության անդամները Հայաստանից կհեռանան նրա խնդիրներին ավելի քաջատեղյակ: Մարգարիտ Եսայանը բարձր է գնահատել պատվիրակության անդամների` Լեռնային Ղարաբաղ այցելելու որոշումը եւ նշել, որ անչափ կարեւոր է եվրոպացի գործընկերների վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Պատգամավորը ցավով նշել է, որ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ են իրականացվում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի սահմանում, այլ նաեւ Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններում: Նա հույս է հայտնել, որ պատվիրակության անդամները միջազգային հարթակներում այս հարցը կներկայացնեն այնպես, ինչպես իրականությունն է:
Այս համատեքստում տիկին Եսայանը խոսել է նաեւ միջազգային կառույցներում հնչող գնահատականների մասին: Նրա խոսքով` արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը փոխի իր շեշտադրումները եւ հայտարարի, որ ռազմական գործողությունների նախաձեռնողն ու իրականացնողը ոչ թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն են, այլ՝ Ադրբեջանը: Սրա մասին են վկայում նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից արված բոլոր այն հայտարարությունները, համաձայն որոնց այդ երկու երկրները կողմ են ԼՂ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը եւ որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

