Հանրային հեռուստաընկերությունը միացել է «Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ» ծրագրին
Առաջին ալիքի եթերում մեկ շաբաթ շարունակ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու եվրոպական արտադրության հետաքրքիր ֆիլմեր: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացել է «Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ» ծրագրին, որն իրականացվում է Եվրոպական հեռարձակողների միության նախաձեռնությամբ: Ծրագիրը նպատակ ունի հանրահռչակել եվրոպական մշակույթը, տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում վերջին տարիներին ստեղծված ֆիլմերը ճանաչելի եւ սիրելի դարձնել, հիշեցնել, որ եվրոպական արտադրության ֆիլմերը իրենց արժանի տեղն ունեն հոլիվուդյան ֆիլմերի կողքին:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակում Եվրոպական հեռարձակողների միության (EBU) 26 անդամներ՝ եվրոպական հանրային հեռարձակողներ, մեկ շաբաթ շարունակ կներկայացնեն եվրոպական արտադրության լիամետրաժ ֆիլմեր, որոնք դեռեւս մեծ տարածում չեն գտել իրենց երկրի սահմաններից դուրս: Բացի ֆիլմերի ցուցադրությունից, ռադիո եւ հեռուստատեսային ալիքները կներկայացնեն նաեւ ստեղծագործական կազմի՝ դերասանների, ռեժիսորների, սցենարիստների հետ հարցազրույցներ, տարբեր տեսանյութեր ֆիլմերի ստեղծման պատմության մասին:
Ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 2-8-ը, Առաջին ալիքը կներկայացնի 7 ֆիլմ՝ «Անպարտելիները», «Մյուս կինը», «Կրաուզեի բուժումը», «Անպարտելիները», «Շնիցել դրախտ», «Օկամի ածելին», «Անպարտելիները», «Պարետային ժամ 1», «Պարետային ժամ 2»: Եվրոպական հեռարձակողների միության մեծ ընտանիքին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն միացել են ութ տարի առաջ: