«Հանրությանը պետք է ցույց տալ խնդիրներն ըստ առաջնահերթության». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի ապշել կարելի է, որ պետական կառավարման ժամանակ նախ խնդիրը չեն դնում, հետո լուծումը տալիս: Քաղաքի բյուջեում կոնցեպտուալ փոփոխություններ չանելու, նախկին սխեմայի մեջ մնալու ու որոշ ծախսեր էլ ավելացնելու քննադատություններին ի պատասխան հնչում է՝ քաղաքի համար լավն ենք անում: Եղբայր, էլի լավն արա, մտադրություններիդ ազնվության մեջ չենք կասկածում, բայց նախ մի հատ թվարկիր, թե խնդիրների քո հիերարխիան որն է, ամեն խնդրի լուծումը որքան եք գնահատել 4 տարվա կտրվածքով, տարիների վրա բաժանել ու արտացոլել նախ այս տարվա ու դեռ կարտացոլեք հաջորդ տարիների բյուջեներում: Բայց կրկնում եմ, հանրությանը պետք է ցույց տալ խնդիրներն ըստ առաջնահերթության: Միգուցե ամեն մեկի համար դրանք տարբեր լինեն, բայց դրանք պետք է լինեն: Նույնը կառավարության կառուցվածքի մասին ընթացող քննարկումների համար: Բացի օպտիմալացման գաղափարը, այլ բան տեսանելի չէ այն տեղեկություններում, որոնք վերաբերում են նախարարությունների միավորմանը: Օրինակ, թե այդ ինչպես է տարածքային կառավարման նախարարը հավասարապես գլուխ հանելու միաժամանակ և տարածքային կառավարումից, և տրանսպորտից, և գյուղատնտեսությունից, և ենթակառուցվածքներից, որ կարողանա գոնե համակարգել: Կառարկեք, թե համապատասխան տեղակալներ կունենա: Էհ, բայց նախարարը պետք է բոլոր ոլորտներից էլ հասկանա, չէ՞: Եթե անհրաժեշտ չափով ու խորությամբ չհասկանա, էլ ո՞ւմ է պետք նրա համակարգումը: Նախկին իշխանությունները, գիտենք, նախարարությունների թիվն ու պաշտոնյաների անձերը համապատասխանեցնում էր կոալիցիոն ու ներքաղաքական համաձայնություններին: Ինչքան պետք էր՝ պաշտոն էին ստեղծում: Բայց այժմ միանգամայն այլ կոնեցեպցիա ունենալու ժամանակն է, որը թեʹ կօպտիմալացնի ուռճացված պետական համակարգը, թեʹ նաև կոնկրետ ոլորտների զարգացման խնդիր լուծի:
Շնորհակալություն ուշադրության համար»: