ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում։
Ինչպես ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, այս փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության եւ ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա։ Հայկական կողմը կշարունակի հետեւողական քայլերը նման իրավիճակը բացառելու համար։
Պատասխանելով նախօրեին Երեւանում ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի՝ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ համագործակցության հնարավորության մասին հնչեցրած կարծիքի վերաբերյալ հարցին՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ գոյություն ունի կազմակերպության Կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են չափորոշիչներն ու պահանջները, որոնք ներկայացվում են դիտորդների եւ գործընկերների թեկնածուներին։ Երկու դեպքում էլ թեկնածու երկիրը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հետ, ձգտի նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, իսկ երկրորդ դեպքում չունենա հակամարտություններ անդամ երկրների հետ։
«Ցանկացած պարագայում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ Առանց Հայաստանի համաձայնության նշված բոլոր կարծիքները կարծիք են մնում»,- ամփոփել է Աննա Նաղդալյանը։