Հարցեր ու կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության վերաբերյալ. Է.Նալբանդյան
Ադրբեջանի ղեկավարությունը փակուղի է տարել իր երկիրն իր քաղաքականությամբ և հիմա այդ հիստերիկ գործողություններով փորձում է իրավիճակից դուրս գալ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության ու գործողությունների քաղաքականությունը:
«Որքանով Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները քաղաքական ընդդիմախոսների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ և այդ կապակցությամբ դատապարտող հայտարարությունները միջազգային հանրության կողմից, Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը և սրել իրավիճակը հակամարտության գոտում, որը բերում է մարդկային զոհերի, ոչ պակաս, ես կասեի՝ շատ-շատ ավելի հենց Ադրբեջանի կողմից: Բայց, ցավոք, Բաքվի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին: Եվ իրենք դիտում են իրենց զինվորներին որպես համակարգչային վիրտուալ զինվորիկների, օրական հարյուրավոր երիտասարդների ուղարկում են դեպի մահ»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նախարարը կարևորեց միջազգային հանրության ջանքերը՝ Հայաստանի հետ միասին, ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն միաժամանակ նշեց, որ «ավելի ու ավելի հարցեր ու կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ»:
