Հարցերը դեռ լուծված չեն, բայց ձեռքերը տաքացնողները թող հիասթափվեն․ Արմեն Ռուստամյան (Video)
1in.am-ը գրում է. ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք իսկապե՞ս կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, և արդյոք Դաշնակցությո՞ւնն է ստանձնել միջնորդի դերը:
«Մենք ինչ ասել ենք, հրապարակավ ենք ասել: Այս երկու-երեք օրը իսկապես մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները, կապերը օգտագործել ենք, որ հանգուցալուծում գտնվի, այնպիսի հանգուցալուծում, որ բոլորի համար բավարարող պայմաններ ստեղծվեն՝ իրենց նպատակները իրականացնելու առումով: Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը կայացել է: Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումը եղել է, որ այսպիսի շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինչ հայտարարվում է այս ընթացքում, ողջունելի է, և ՀՅԴ-ն շատ ուրախ է, որ առողջ տրամաբանությունը հաղթանակել է
Նրա խոսքով՝ իսկապես լավ նախադրյալներ են ստեղծված, որպեսզի հետագա քայլերն ուղղվեն խնդիրների լուծմանը, որոնք երկրի առջև կանգնած են և ժողովրդի արդար դժգոհությունն են առաջացնում:
«Այս տրամաբանությամբ եթե կողմերն առաջնորդվեն, մենք նախ՝ ամբողջությամբ կաջակցենք այսպիսի տրամաբանությամբ զարգացումներին և մեր ամբողջ կարողությունը կներդնենք, որ բարենպաստ նախադրյալները արժևորվեն: Մենք չենք համարում, որ սրանով խնդիրները լուծվեցին: Մենք հասկացանք, որ այն ճանապարհը, որ կարող էր իսկապես դուրս գալ վերահսկողությունից և հանգեցնել զոհերի, արյունահեղության, այդ ճանապարհը պետք է բացառվի մեր երկրում: Մենք այնպիսի իմաստնություն պետք է ունենանք, որ հարցերը լուծենք և ունքը սարքելու փոխարեն՝ աչքը չհանենք»,- հավելեց նա:
