Հարձակման ենթարկվածները գյուղի խանութն էին աշխատացնում, իրենց համար հանգիստ ապրող մարդիկ էին
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում երեկ գիշեր ավազակային հարձակման դեպք է գրանցվել: Հարձակվել են գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տան վրա, ատրճանակի եւ դանակի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, վերջինիս ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով պատճառել են մարմնական վնասվածքներ: Հանցագործություն կատարած անձինք կպչուն ժապավենով, պարանով ու սավանի կտորներով կապկպել են նրա ու նրա կնոջ ձեռքերը, ոտքերը, բերանը, աչքերը, կնոջ ականջներից հանել ու հափշտակել ոսկյա ականջօղերը, ինչպես նաեւ վերցրել տանն առկա կանխիկ գումարը` ազգային արժույթով ու տարադրամով, եւ դիմել փախուստի:
Բաղանիսից ավազակային հարձակման ենթարկված ընտանիքին մոտ կանգնած անձիք Fnews.am-ին փոխանցեցին, որ հարձակվողները երեք դիմակավորված անձիք են եղել:
«Իսկ հարձակման ենթարկվածները գյուղի խանութն էին աշխատացնում, իրենց համար հանգիստ ապրող մարդիկ էին. սահմանին նման դեպքը տարօրինակ է ու մեր համար դրա բացահայտումը շատ կարեւոր է: Ստույգ բան չգիտենք, բայց ասում են շուրջ 4 միլիոն դրամի գույք են հափշտակել»-նկատեց մեր զրուցակիցը:
