Հայ քննիչները ռուս զինվորներից վերցրել են փորձանմուշներ
Գյումրիում եղեռնական սպանության գործի նախաքննության շրջանակում արդեն հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ հարցաքննվածների թվում են հարևաններ, զոհված ընտանիքի հարազատներ:
Վերջիններից ոչ բոլորն են հարցաքննվել՝ հաշվի առնելով սպանության դեպքի պատճառով նրանց հոգեվիճակն ու սգո արարողություններով զբաղված լինելը:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարցաքննվել են նաև Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինվորներ, որոնցից հենց դեպքի օրը վերցել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ ու ներկայացվել փորձաքննության: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փորձանմուշները վերցվել են սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի զինակիցներից՝ պարզելու թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը։
Ի դեպ, մեր տեղեկություններով, քննչական կոմիտեն օրեր առաջ դիմել է ՀՀ դատախազությանը՝ իրավական օգնության շրջանակներում Ռուսաստանին միջազգային քննչական հանձնարարության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու խնդրանքով: Հայաստանի դատախազությունը միջնորդությունն արդեն ուղարկել է։
