Հայ սպանված զինվորին ասել են.«Քեզ սպանելու եմ, թմբլի´կս, սա քո կերած վերջին բլիթն է»
2011 թվականի ապրիլի 24-ին ներկայիս Թուրքիայի Բաթման (Սասուն) նահանգում տեղակայված զորամասերից մեկի տարածքում թուրք ծառայակցի կողմից սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի գործով Դիարբեքիրի ռազմական դատարանում կայացել է հերթական՝ 20-րդ նիստը, որի ընթացքում բավական ուշագրավ որոշում է կայացվել:
Թուրքական «Ռադիկալ» լրատվակայքի փոխանցմամբ` ռազմական դատարանը 2013-ի մարտին վճռել էր, թե Սևակի սպանությունը կանխանտածված չէր, իսկ մարդասպանը՝ Քըվանչ Աղաօղլուն, դատապարտվել էր 4.5 տարի ազատազրկման, ինչը չէր գոհացրել Սևակի ծնողներին։ Բալըքչը ընտանիքի փաստաբանները, դժգոհ լինելով դատավարության արդյունքներից, դիմել էին Թուրքիայի դատախազությանը՝ պահանջելով, որպեսզի սպանությունը որակվի որպես կանխամտածված։ Թուրքական դատախազությունը, սակայն, նախորդ տարվա ապրիլին չէր բավարարել տուժած կողմի այս պահանջը՝ վերահաստատելով, թե սպանությունը եղել է ոչ դիտավորյալ։
Մինչդեռ երեկ կայացած դատական նիստի ընթացքում կարևոր որոշում է կայացվել, համաձայն որի՝ դատական գործն սկզբից վերանայվելու է:
Նիստի ժամանակ Սևակի հայրը՝ Կարապետը, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Դատական վարույթի ողջ ընթացքում վկաներն անընդհատ ճնշումների են ենթարկվել։ Պահանջում եմ, որ այս գործով բոլոր վկաներին վերստին խոսելու հնարավորություն տրվի։ Դեռ նախորդ լսումների ընթացքում հայտնի դարձավ, որ ինչ-որ մեկը որդուս ասել է՝ «Քեզ սպանելու եմ, թմբլի´կս, սա քո կերած վերջին բլիթն է»: Ուստի ցանկանում եմ, որ պարզվի, թե ով է եղել այս խոսքերի հեղինակը»։
Բալըքչը ընտանիքը պահանջում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլիի 24-ին, Քըվանչ Աղաօղլուին պատասխանատվության ենթարկել կանխամտածված սպանության համար։ Ընդ որում, Աղաօղլուն վերջին շրջանում ազատ է արձակվել և կալանքի տակ չի պահվում, մինչ վերջնական վճռի կայացումը:
Հիշեցնենք, որ Աղաօղլուի համար պահանջվում էր 4,5 տարվա ազատազրկում, որից պետք է հանվեր ավելի վաղ կալանքի տակ պահելու ժամկետը (մոտ 1,5 տարի):
Սևակի սպանության գործով կողմնակալ և ոչ արդար դատավարությունը քննադատության է արժանացել ոչ միայն Սևակի ծնողների, այլ նաև թուրք իրավապաշտպանների և առաջադեմ գործիչների կողմից: Իսկ Աղաօղլուի համար առաջարկվող 4,5 տարի պատժաժամկետը հստակ ցույց է տալիս, որ մերօրյա Թուրքիայում հայի սպանությունը մեծ հաշվով անպատիժ է մնում:
