Հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա միտումները. ինչ ունենք այսօր…
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղևոնդյանը իր էջում գրել է.
Մաս երրորդ. Շփման գծի կորուստները և ռազմական հավարակշռության հիմնահարցը
ԼՂ շուրջ ձևավորված ռազմական հավասարակշռության և առկա կողմերի ռազմական ներուժի հարաբերակցության լավագույն ինդիկատորներից մեկը զինված ուժերում և մասնավորապես մարտական հերթապահության ժամանակ անձնակազմի կորուստների քանական է: Տրամաբանական է, որ այդ կորուստները կարող են տարբեր պատճառներ ունենալ: Դրանց մի մասը կարող է մարտական հերթապահության արդյունք լինել, մյուս մասը՝ ոչ մարտական պայմաններում տեղի ունենալ՝ կապված բանակային առօրեայի, ոչ կանոնադրային հարաբերությունների, դժբախտ պատահարների և այլ հանգամանքների հետ: Կորուստների երկու հիմնապատճառներն էլ կարևոր ցուցիչ են տվյալ երկրի զինված ուժերի գնահատման տեսանկյունից:
Եթե անդրադառնանք մարտական կորուստներին, ապա դրանց թվի, ինչպես նաև բնույթի առանձնահատկություններն առնվազն խոսում են զինված ուժերում առկա մի շարք խնդիրների մասին, որոնցից մենք կնշենք մի քանիսը՝ զինված ուժերի մարտական պատրաստվածության և զինուժի կարգապահական ցածր մակարդակը, մարտական հերթապահության կազմակերպման տեսական և գործնական ոչ բավարար գիտելիքները, զինուժի անձնակազմի օպերատիվ մարտավարական պատրաստվածության պակաս և այլն:
Ոչ մարտական կորուստները պակաս կարևոր ցուցանիշ չեն: Նրանց միջոցով հնարավոր է պատկերացում կազմել զինված ուժերի ստորաբաժանումների «մարտական ոգու» մակարդակի, «սպա-զինվոր», «զինվոր-զինվոր» հարաբերությունների ձևի, մարտական հերթափոխի պայմաններում դրանց բնույթի, ներբանակային ընդհանուր կարգուկանոնի ու բարոյահոգեբանական պատրաստվածության, բանակում կանոնադրային հարաբերությունների արդյունավետության, ուստի նաև ստորաբաժանումների մարտունակության մակարդակի և զինծառայողների մարտական ծառայության մոտիվացվածության վերաբերյալ: Հարկ է նշել, սակայն, որ ներկայացված ցուցիչները հիմք են միայն ընդհանրական դատողությունների, այլ ոչ թե պնդումների համար, քանի որ չափումների մասով կարող են տեղ գտնել որոշակի շեղումներ: Սակայն անգամ այդ վիճակով նրանք կարևոր ցուցանիշներ են, որոնք ռազմատեխնիկայի, ռազմական ծախսերի տվյալների հետ միասին ներկայացնում են հակամարտող կողմերի ռազմական հարաբերակցության իրատեսական բնույթը:
Այսօր հայ(ԼՂ)-ադրբեջանական շփման գծում և երկրների զինված ուժերում տեղ գտած կորուստների վերաբերյալ առկա են տեղեկատվության մի շարք աղբյուրներ՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մամուլի հաղոդագրություններ, «razm.info» կայք, Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակ, ԱՀ ՊՆ հաղորդագրություններ, «Դոկտրինա» կենտրոն, այլ կայքեր:
Ըստ պաշտոնական տեղեկատվության և մի շարք կայքերի ներկայացրած համադրելի տվյալների 2012-14թթ-ի հայ-ադրբեջանակն շփման գծում կորուստների մասով ունենք հետևյալ պատկերը: ՀՀ(ԼՂ) զինված ուժերում մարտական կորուստներ. 2012թ՝ 14, 2013թ՝ 6+1, 2014թ՝ 26+2: Ոչ մարտական կորուստներ (սպանություններ, ինքնասպանություններ, այլ պատճառներ). 2012թ՝ 12+3, 2013թ` 11+1, 2014թ` 5+1: Ադրբեջանի մասով վիճակը հետևյալն է. (Նշենք, որ Ադրբեջանն իր մարտական կորուստները թաքցնում է՝ դրանք ներկայացնելով որպես առողջական խնդիրների հետևանք, դժբախտ պատահարների արդյունք: Ի դեպ, խոսքը փոքր թվերի մասին չէ): Ադրբեջան. 2012թ` 13+3, 2013թ` 11, 2014թ` 32+4: Ոչ մարտական կորուստների (սպանություններ, ինքնասպանություններ, այլ պատճառներ) մասով առկա է հետևյալ վիճակը. 2012թ՝ 22+19, 2013թ` 9+10, 2014թ` 7+12:
Եթե համադրենք, կստացվի հետևյալ պատկերը: Մարտական կորուստների մասով ունենք հետևյալ վիճակը. 2012թ. - ՀՀ՝ 14, Ադրբեջան՝ 16, 2013թ. - ՀՀ՝ 7, Ադրբեջան՝ 11, 2014թ. - ՀՀ՝ 28, Ադրբեջան ՝ 36: Այս ցուցանիշով կարող ենք նշել, որ նման մեծ զինանոց կուտակած և այդքան գումար բանակի վրա ծախսող երկիրը սահմանային միջադեպերի դինամիկայի գրեթե բոլոր հանգրվաններում առավել մեծ զոհեր է տալիս, քան հայկական կողմը (ըստ մեր տվյալների 2014թ. հուլիս-օգոստոսյան դիվերսիոն ակտիվության հատվածում մենք ունեցել ենք 7(9) զոհ, Ադրբեջանը 53(57)): Դա մի շարք հետևությունների տեղիք է տալիս, որոնցից ամենից ծանրակշիռը այն է, որ Ադրբեջանի զինուժի պատրաստվածության մակարդակը և նրա կառավարման մեխանիզմներն առնվազն հարաբերման այս փուլում բավարար արդյունավետ չեն, և օպտիմալ չեն կատարում իրենց առջև դրված խնդիրները:
Ոչ մարտական կորուստների մասով իրավիճակը հետևյալն է. 2012թ. - ՀՀ՝ 15, Ադրբեջան՝ 41, 2013թ. - ՀՀ՝ 12, Ադրբեջան՝ 19, 2014թ. - ՀՀ՝ 6, Ադրբեջան՝ 19: Եթե համեմատեք ոչ մարտական կորուստների ցուցիչները, ապա դրանց հարաբերակցությունը նույնպես ոչ հօգուտ Ադրբեջանի է: Այստեղ պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք: Ադրբեջանի ոչ մարտական կորուստների «առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ» կատեգորիաների տակ հաճախ ներկայացվում է նաև մարտական կորուստները:
Մնացած ցուցիչների մասով կարող ենք նշել, որ եթե դրանք արտացոլում են իրականությունը, ապա հարևան երկրի զինուժի բարոյահոգեբանական իրավիճակը, հայկականի առկա ցուցիչների հետ համեմատության պարագայում, համեմատաբար ցածր է: Բարոյահոգեբանական «պատրաստվածություն»-ը զինծառայողի «մարտական ոգու» մակարդակի լավագույն ինդիկատորն է:
Երկիրը, որն իր առջև խնդիր է դրել ռազմական գերակայության միջոցով, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում «ետ վերադարձնել» ԼՂ-ն, իր զինված ուժերում չպետք է ունենա բարոյալքված զինվոր և ինքնասպանությունների այդօրինակ մակարդակ, ինչպիսին առկա է ադրբեջանական բանակում: Սա կարևոր հանգամանք է, որն ուղղակիորեն անդրադառնում է զինվորների՝ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ դրսևորվելիք մոտիվացվածության վրա:
Մեր նման բանակներում, որքան էլ տեխնիկայի գործակից կարևորվի, հիմնական ռազմական գործառույթը իրականացնում է «սպա-զինվոր» շղթան: Եթե այդ շղթայում կողմերից մեկը բարոյական նկարագրի առումով խնդրահարույց վիճակում է, ապա նախաձեռնվելիք գործողության հաջողության հավանականությունն էականորեն ընկնում է, իսկ կորուստների քանակը՝ ավելանում:
