Հայ-ադրբեջանական սահմանն հատած կնոջ հարազատները հուսահատված են
Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասում է, որ դեռ իրենց համագյուղացի ադրբեջանական սահմանն հատած 73-ամյա Լուսինե Աբովյանի մասին, որևէ տեղեկություն չունեն: « Երեկ միայն հաստատվեց, որ նա է Ադրբեջանում հայտնված կինը, թե նրան այնտեղ ինչ է սպասվում չգիտենք: միայն Կարմիր խաչի հայկական գրասենյակից տեղեկացնում են, որ ամեն ինչ լավ է լինելու, նրան անվնաս կվերադարձնեն Հայաստան»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Տիկին Լուսինեի երեխաները ամուսնացած են, անգամ թոռներ ունի:Գյուղապետը շեշտեց, որ տարեց կնոջ անհետացման մասին գյուղում ոչ մի առանձնակի վարկած չի շոշափվում:
«Դիվերսանտներ չեն կարող լինել հաստատ մոլորվել է: Մենք անհամբեր նրա մասին նորության ենք սպասում և հույս ունենք, որ շուտ տուն կվերադառնա, բոլորը նրան են սպասում, երեխեքը թոռների հետ միասին եկել են, նրանց վիճակը ծանր է»: Նշենք, որ նախօրեին տեղեկատվություն է տարածվել, որ Կոթիի 73-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Գործակալությունը մասնավորապես հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:
Տարեց կնոջը ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:
Նշվում է, որ նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերի համաձայն ու համապատասխան պրոցեդուրաներից հետո կնոջը կհանձնեն հայկական կողմին:
