Հայաստանն՝ «ամբողջ հոգով», Ռուսաստանն՝ «ամբողջ թիկունքո՞վ»
Ինտերնետային կայքերից մեկը հերթական «թոփն» էր գլորել ու «հայ-հավարը» կապել՝ ադրբեջանական լրատվականներին հղում կատարելով, թե «Ղարաբաղն արդեն հետ են հանձնում» ԵԽԽՎ-ի մակարդակով, ու գործի «քավորն» էլ ԵԽԽՎ վեհաժողովին մասնակցող Գեղամյանն է, ով, իբր կողմ է քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Մի քանի ժամ անց՝ նույն հարցին վերաբերվող տեղեկատվություն հնչեց «Ազատություն» ռ/կայանով, եւ ի՞նչ պարզվեց. իրականությունը լրիվ հակառակն է. Գեղամյանն, ընդհակառակը, դեմ է գնացել ԵԽԽՎ հայտարարությանը թե հռչակագրին կամ բանաձեւին եւ դեմ է քվեարկել. մասնավորապես այն օրինագծին, որով դատապարտվել են Ռուսաստանի «բռնությունները Ուկրաինայում» / այսինքն՝ Ղրիմում /. կողմ քվեարկելու պարագայում կնշանակեր Հայաստանի կողմից հավանության արժանացնել նաեւ Ղարաբաղը չճանաչելը:Ինչպե՞ս կարելի է նույն փաստի առթիվ 2 իրարամերժ տեղեկատվություն հրամցնել հանրությանը: Եվ, քանի որ «Ազատությանն» անմիջապես Գեղամյանն էր պարզաբանումներ տվել, եւ այդ ալիքը երբեւէ աչքի չի ընկել ստախոսությամբ, ուստի հակված ենք ավելի շուտ վերջինիս հավատալ, եւ ոչ թե՝ նախորդ տեղեկատվությանը՝ համացանցում հայտնված, որում հղում էր կատարվել ադրբեջանական կայքերին:Ընդհանրապես, որքանո՞վ է տեղին ադրբեջանական կայքերի վկայակոչումն այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում է Հայաստանին կամ Ղարաբաղին:Հատկանշական է, որ համացանցում հաճախ են հանդիպում այնպիսի տեղեկատվություններ, որոնք կարծես ստուգելիս լինեն հասարակության զգոնության աստիճանը. երեկ էլ գրել էին, թե ՀԾԿՀ նիստից հետո ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը ապտակել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ու մինչ հիմա լուրը հերքող կարծես թե չի եղել. թեպետ՝ դա, հավանաբար, այն լուրերից է, որոնք կարելի է տեղավորել ժողովրդական հեքիաթների շրջանակում.«Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ»:Ինչ վերաբերվում է Գեղամյանի շուրջ խոսակցություններին, ապա , փաստորեն, վերջինս, որպես հայաստանյան ներկայացուցիչ, ավելի եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ՝ վերջինիս վերաբերվող դատապարտիչ հայտարարություններին չմիանալով, այլեւ, ի պաշտպանություն Ռուսաստանի, ԵԽԽՎ-ում 7լեզվով գրքեր է բաժանել՝ «Չի կարելի Ռուսաստանից հրեշի կերպար ստեղծել» վերնագրով:Միգուցե դրանից հետո գոնե Ռուսաստանն սթափվի՞ ՝իր ռազմավարական գործընկերոջ հանդեպ ոչ այնքան եղբայրական վերաբերմունքը վերանայելով: Եւ ոչ թե եւԱդրբեջանին զենք վաճառի, եւ Հայաստանին . դեռ վրադիր՝ Ռուսաստանին պատկանող ընկերության միջոցով Հայաստանում պարբերաբար հոսանքի գին բարձրացնի ու ասի՝ «Դա ձեր ներքին խնդիրն է, ինքներդ կարգավորեք»: Ստացվում է ռուսական հայտնի ասացվածքը՝«Ես քեզ՝ ամբողջ հոգով, դու ինձ՝ ամբողջ թիկունքո՞վ»:
