Հայաստանն օր օրի դատարկվում է.ո՞ւմ է սա հարկավոր,միայն 3 հարուստ ավազակների՞
«Հայաստանն օր օրի դատարկվում է: Ո՞ւմ է սա հարկավոր: Միայն 3 հարուստ ավազակների՞: Մաֆիայի այս ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, ուրիշ ելք չկա». Ազնավուրը Հայաստանի իշխանությունների մասին
«Հայաստանն օր օրի դատարկվում է, և ոչ հեռու ապագայում երկիրը կվերածվի դատարկ խեցու,- այս մասին հայտարարել է ֆրանսահայ հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը «Nouvelles d’Arménie»-ին տված հարցազրույցում:- Ո՞ւմ է սա հարկավոր: Միայն 3 հարուստ ավազակների՞: Եվ այս ամենից հետո ոմանք դեռ կենտրոնանում են «ցեղասպանություն» եզրույթի վրա, որը հերքում է Թուրքիան: Հայաստանը լուրջ վտանգի առաջ է կանգնած, իսկ մարդիկ միայն «ցեղասպանություն» բառի շուրջ են կենտրոնացած: Ես չեմ հասկանում, թե դա ինչով կօգնի երկրի զարգացմանը: Ուր կտանի մեզ այս քաղաքականությունը: Ո՞ւր են նրանք, ովքեր ինձ կքննադատեն այս խոսքերի համար, ի՞նչ են նրանք անում՝ Հայաստանին օգնելու համար»: Ազնավուրը նաև շեշտել է, որ քիչ բան է հասկանում քաղաքականությունից և չի զբաղվում դրանով, բայց կարծում է, որ «տարաբախտ երկրից մի փոքրիկ հատված է մնացել, որը մեռնում է երկրորդ անգամ»: «Ես ուզում եմ, որ Հայաստանում ինչ-որ բան արվեր իմ ժողովրդի համար, ժողովուրդ, որն աստիճանաբար մահանում է: Քանի՞ հայ է մնացել Հայաստանում: Ինձ ասում են՝ 2,3 միլիոն: Իշխանությունները վստահեցնում են՝ 3,6 միլիոն: Բայց դա սուտ է: Կարճ ժամանակ անց այդ թիվը կհավասարվի 1,8 միլիոնի, հետո՝ 1 միլիոնի, որն էլ կլինի մաֆիայի ձեռքերում: Ում վրա պետք է դնենք մեր երկրի բարգավաճման հույսը՝ չինացիների՞: Ուզում եմ, որ ամեն մի հայ հարց տա իրեն՝ ի՞նչ է նա անում իր նախնիների հողի համար, և նա կհասկանա՝ ոչինչ»: Ազնավուրը նաև նշել է, որ իրեն բազմիցս հրավիրել են այցելել Թուրքիա: Նույնիսկ ԱԳՆ ղեկավարն է հրավիրել՝ արձակուրդն անցկացնելու իր տանը: «Նշանակում է՝ եկեք պայմանավորվենք, թե ինչ ենք նրանցից պահանջելու, այլ ոչ թե քաղաքական խաղեր խաղանք՝ պաշտպանելով այս կամ այն երկրի շահերը: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը, ես միայն ցանկանում եմ, որ սահմանները բացվեն, որ երկիրը կարողանա հանգիստ շունչ քաշել: Ես միշտ էլ լավ եմ արտահայտվել թուրքերի մասին, նրանց հետաքրքիր ժողովուրդ եմ համարում: Չկա հայկական ծագմամբ թուրքաբնակ մեկը, ով որ չսիրի թուրքերին: Հնարավոր է, նրանց դուր չգա Թուրքիայի վարած քաղաքականությունը, հարաբերություները, բայց ոչ՝ ամբողջ ժողովուրդը»: Ազնավուրը նաև հայտնել է, որ հուսահատված չէ 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, քանի որ նախօրոք կանխատեսել էր դա: «Դրանք երեկոյան ստորագրվեցին, իսկ առավոտյան արդեն կորցրին իրենց ուժը: Թուրքիայի հետ ցանկացած համաձայնագիր, վերջիվերջո, չի վավերացվում, քանի որ Անկարան իր ստրատեգիական դիրքորոշմամբ դրդված՝ միշտ մի քայլ ետ է նահանջում: Նրանք իրենց ուժեղ են զգում, այսինքն՝ առավել քիչ են հակված զիջումների: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Զզվել եմ: Չեմ ցանկանում այլևս զուր ջանքեր ներդնել: Թուրքերը մի ժողովուրդ են, ում միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաների են սովորեցրել, նշանակում է, պետք է սկսել նրանից, որ նրանց հետ սովորեցնենք այդ ստերից…. ….Գործել է պետք, նախաձեռնությունը ձեռքը վերցնել է պետք: Ինչքան ժամանակ է, որ թուրքերն ապրում են մեր տարածքներում: Գերմանացիներն արդեն չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, ֆրանսացիները չեն պահանջում Ռուրեն: Պետք է խելացի լինել ու հասկանալ իրերի ճիշտ դրվածքը: Ես հեռուն եմ տեսնում: Անգամ եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է այնտեղ ապրելու: Ոչ ոք: Ես ցանկանում եմ, որ Թուրքիան ճանաչի եղածը, բայց ինձ համար միևնույն է՝ «ցեղասպանությո՞ւն» եզրույթով, թե՞ «կոտորած»: Պետք չէ մոռանալ անցյալը, բայց պետք է առաջ շարժվել: Հայ և թուրք ժողովուրդների միջև բոլոր հարցերը կլուծվեն, ես վստահ եմ: Հիմա կարևորը սահմանները բացելն է»: Հարցին՝ արդյոք հայերի զանգվածային արտագաղթի մեղավորներին համարում է երկրում գոյություն ունեցող համակարգը, Ազնավուրը պատասխանել է. «Իհարկե, ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես գիտեմ մաֆիոզային պատմություններ, որոնք անտանելի են: Բանը հասել է այնտեղ, որ ֆերմերները սեփական հողերի վրա սովից մահանում են: Մաֆիայի այս ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, ուրիշ ելք չկա: Ուզում եք մաֆիոզ դառնա՞լ, գնացեք ուրիշ տեղ, շատ երկրներ ձեզ կընդունեն, բայց մաֆիա մի´ սարքեք ձեր տանը, ձեր ժողովրդի գլխին»: Ղարաբաղյան խնդրի մասին էլ դեսպանը նշել է. «Պետք է ազնիվ լինել. մի՞թե Ղարաբաղը պատկանել է ադրբեջանցիներին նախքան Ստալինի՝ նրանց նվիրելը: Մյուս կողմից էլ, մի՞թե Ղարաբաղը Հայաստան է: Ոչ, դա ինքնիշխան երկիր է, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը»: Հարցին՝ արդյո՞ք Ազնավուրը համաձայնեցնում է իր գործողությունները հայկական իշխանությունների հետ, երգիչը նշել է, որ նրանք միշտ էլ համաձայնվում են իր դիրքորոշման հետ, սակայն արդյունքում ոչինչ չեն անում. «Նույն բանն է նաև Ֆրանսիայում: Անիմաստ է իշխանությունների հետ խոսելը, ինչպիսին էլ որ նրանք լինեն: Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ-որ բան կանի մեզ համար, ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան հանդիսանում է Ֆրանսիայի համար կարևոր երկիր: Թուրքիան անհնար է արհամարհել»: Ազնավուրը հրաժարվել է խոսել Հայաստանի 3 նախագահների մասին. «Դա իմ գործը չէ: Բոլորն էլ բարի կամքի տեր մարդիկ են, սակայն երբեմն իրադրությունը փոխում է այդ կամքը: Համենայն դեպս, դեռ ոչ մի նախագահ ինձ ոչ չի ասել, թեպետ, երևի լավ կլիներ՝ ասեր: Ես ուզում եմ հասկանալ, ի՞նչ է այսօր նշանակում հայ լինել: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտել, խմել, ունենալ սեփական խանութ ու խոսել ցեղասպանության մասի՞ն: Սա՞ է նշանակում հայ լինելը: Սա շատ քիչ է»: