Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին կտրամադրվի 12 նիշանոց կոդ
Օտարերկրյա պետություններից Հայաստան վերադարձի մտադրություն ունեցող անձինք վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը այսուհետ կարող են ստանալ «Տունդարձ»՝ tundarc.am տեղեկատվական համակարգի միջոցով:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայություն ղեկավար Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ համակարգը թույլ է տալիս ցանկացած անձի իրեն հուզող հարցն ուղղել անմիջապես պետական ծառայություններին:
«Կայքի առաջին մակարդակում տեղեկությունները զետեղված են վերադարձին վերաբերող 15 ոլորտային բաժիններում: Յուրաքանչյուր բաժնի համար սահմանված է համապատասխան պետական մարմին, որտեղ առկա է նաև այդ մարմնի պաշտոնական կայքէջը: Այդ պետական մարմինը պետք է հնարավորինս մատչելի կերպով տեղեկատվություն տրամադրի իր ոլորտի մասին»,- ասաց նա և հավելեց, որ ցանկացած անձ ոչ միայն կարող է հարց ուղղել պետական պաշտոնյային, այլև օտարերկրյա պետությունում բնակվող քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ պաշտոնյայից նաև տեսակապի միջոցով:
Այն հարցին , թե անձը հնարավոր է արդյոք տեսակապի միջոցով խոսել նախարարի կամ վարչապետի հետ, պրն. Եգանյանը նշեց, որ չկա սահմանափակում, սակայն հիմնականում տեսակապի միջոցով հարցերին կպատասխանեն որոշումներ ընդունելու հարցում որոշակի իրավասություններ ունեցող անձինք՝ հիմնականում վարչության պետեր և բաժնի պետեր:
Պարոն Եգանյանը նշեց, որ յուրաքանչյուր պետական գերատեսչություն, ստանալով քաղաքացու հարցը, մուտքագրում է ընդհանուր փաստաշրջանառության մեջ և քաղաքացուն ուղարկվում է 12 նիշանոց կոդ, որով կարող է հետևել իր նամակի «ճակատագրին»:
Կայքը լինելու է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն. ռուսերեն և անգլերեն տարբերակները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ:
Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ նման այլ ծրագրերով այս տարվա ընթացքում Հայաստան վերադարձել են 2000 մարդ:
