Հայաստանի 10 մարզերի 35 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի թվով 35 համայնքներում, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի և 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի ընդհանուր թվով 42 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 61 քաղաքացի:
Համայնքի ղեկավարի ընտրություններին նախապես առաջադրվել էր ՀՀԿ-ական 34 թեկնածու, որոնցից մեկը ինքնաբացարկ է ներկայացրել:
ՀՀԿ-ից բացի, ընտրություններին առաջադրվել է նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ մեկ թեկնածու, որը կպայքարի անկուսակցական համայնքի ղեկավարի հետ: Մյուս բոլոր առաջադրված թեկնածուները անկուսակցական են:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 2 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն ավագանու անդամի 59 թեկնածու:
Համայնքի ղեկավարի 42 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 59 թեկնածուներից 5-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 4 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 109 դիտորդ:
