Հայաստանի բաց երկնքի նոր փորձը
Հայաստանում հայտարարվել է նոր ավիաընկերության գործունեության մեկնարկի մասին: Հայկական ավիաշուկա է մտնում Արմենիա ավիաընկերությունը, որի բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը հանդիպել են լրագրողների հետ եւ հավաստիացրել, որ կիրականացնեն այնպիսի գործունեություն, որ հայ ժողովուրդը գոհ կմնա եւ կկարողանա գնել մատչելի տոմսեր:
Թանկ ավիաուղեւորափոխադրումները Հայաստանի տնտեսության «աքիլեսյան գարշապարն» են, որը առ այսօր չի հաջողվում հաղթահարել որեւէ կերպ: Անգամ բաց երկնքի քաղաքականությունը, որ կիրառվում է արդեն մոտ երկու տարի, այդ առումով չի տվել շոշափելի արդյունք:
Հայկական ավիաշուկայում թե «փակ երկնքի», թե բաց երկնքի քաղաքականությունը ավարտվել է միայն ու միայն հայկական ավիափոխադրողների սնանկացմամբ: Հայկական ավիաուղիներ, Արմավիա, Էյր Արմենիա: Վերջինը շուկա մտավ բաց երկնքի արդյունքում, սկսեց առաջարկել որոշակի ցածր գներ, բայց արագորեն ունեցավ ֆինանսական խնդիրներ: Ավիաընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ դրանք ընկերության դեմ կազմակերպված ռուսական ընկերությունների արշավի հետեւանք են:
Էյր Արմենիան այժմ չի գործում, երբեմն-երբեմն հայտարարվում է, որ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել առողջացման ծրագիր, բայց առայժմ հանրությունը ականատես է եղել միայն ընկերության սեփականատիրոջ եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջեւ աղմկոտ պատմությանը, որը ավելի շատ մոտ էր ոչ թե երկնքին, այլ ջրին՝ դեպքը տեղի էր ունեցել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանում:
Ինչո՞վ կտարբերվի Արմենիա ավիաընկերության ճակատագիրը հայկական մյուս ավիաընկերություններից: Սեփականատերերը ասում են, որ ունեն 4 տարի հետո եկամուտով աշխատելու հեռանկար: Դա փաստացի նշանակում է, որ ավիաընկերությունն առաջիկայում փորձելու է այսպես ասած իր հաշվին հաստատվել շուկայում: Որքանով օպտիմալ է հաշվարկվել դրա համար անհրաժեշտ ռեսուրսը, բնականաբար հնարավոր չէ ասել՝ դա ցույց կտա ժամանակը:
Բայց անկասկած է, որ ավիաընկերության հռչակած նպատակները եւ ծրագրերը միարժեք ողջունելի են հայկական ավիաշուկայի, դրանից օգտվող թե հայաստանցիների, թե արտերկրի քաղաքացիների համար: Էժան ավիատոմսերը, իրական մրցակցությունը Հայաստանի համար ունեն մի քանի կարեւոր նշանակություն:
Նախ, հայաստանցիների համար շատ կարեւոր է մատչելի թռչել ոչ միայն Ռուսաստան կամ արաբական երկրներ, այլ նաեւ Եվրոպա: Դա աշխարհայացքի, արժեհամակարգի, աշխարհաճանաչողության արդիականացման ռազմավարական խնդիր է: Հայաստանի հասարակությունը խորհրդա-ռուսական կայսրությունից դուրս գալու նոր շանս կստանա, եթե ստանա մատչելի տոմսերով Եվրոպայում ճանապարհորդելու, քաղաքակրթական առաջընթացին մոտիկից առնչվելու, ոչ թե Եվրոպայի մասին առավելապես խորհրդա-ռուսական պրոպագանդիստների մանիպուլյացիոն հնարքներով տեղեկանալու հնարավորություն:
Բացի այդ, մատչելի ավիատոմսը կխթանի Հայաստանի զբոսաշրջությունը: Իսկ զբոսաշրջությունը Հայաստանի համար տնտեսության ռազմավարական ուղղություն է, քանի որ Հայաստանն այդ առումով ունի ահռելի ռեսուրս, որը պետք է օգտագործել ու զարգացնել: Իհարկե, զարգացումը չի լինի միայն ավելի մատչելի ավիատոմսով, պետք է ներքին ենթակառուցվածքների արդիականացում, սակայն մեկը չի բացառում մյուսը եւ ավիափոխադրումների մատչելիությունը կօգնի էլ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստան: Իսկ զբոսաշրջությունն էլ նաեւ այն ոլորտն է, որը կտա փոքր ու միջին ձեռներեցությունը զարգացնելու հնարավորություն, հատկապես մարզերում, որոնք ունեն ներդրումների եւ սոցիալական բեկման կարիք:
Միով բանիվ, աներկբա է, որ խոսքը Հայաստանի համար ոչ թե պարզապես գների էժանացման շարքային հեռանկարի, այլ իսկապես կարեւոր եւ ռազմավարական ուղղության մասին է, ինչը նշանակում է, որ այդ խնդիրը պետք է գտնվի պետական հոգածության ներքո, եւ պետությունը պետք է անի հնարավորը, որպեսզի հայկական ավիաշուկան չունենա սնանկացման չորրորդ պատմությունը: Նախորդ երեքը միանգամայն բավարար էին պետությանը էական հարված հասցնելու համար:
