«Հայաստանի ձեռքերն ամուր բարուրված են, տնտեսական հեղափոխությունը ո՞նց է արվելու». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ձեռքերն ամուր բարուրված են, տնտեսական հեղափոխությունը ո՞նց է արվելու: Բնական գազի ցանցը, էլեկտրական բաշխիչ ցանցերը, երկաթուղին, ատոմակայանը, հանքավայրերն ու բազում այլ բիզնեսներ պատկանում են օտարերկրյա ընկերությունների, որոնց շահերը հաճախ չեն համընկնում Հայաստանի շահերի հետ: Շուրջ 5 տարի է, ինչ Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, գազաֆիկացվել են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջևան գյուղերը, սակայն սահմանագոտու տասնյակ ընտանիքներ դեռևս չեն օգտվում բնական գազից: Գազատարից բնակչի առանձնատուն անցկացվող խողովակի գծամետրի գինը շատ թանկ է՝ 4700 դրամ: Գյուղացիները հնարավորություն չունեն այդ գնով գազատար անցկացնելու: Խնդիրը անցած հնգամյակում ներկայացվել է բոլոր վարչապետերին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, սակայն այն այդպես էլ չի լուծվում»: