Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազները ստորագրել են համագործակցության ծրագիր
Դատախազների միջազգային ասոցիացիայի Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Երկու երկրների գլխավոր դատախազները ստորագրել են ՌԴ գլխավոր դատախազության եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ 2015-2017թթ համագործակցության ծրագիր:
Փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների դատախազության աշխատակիցների ակտիվ համագործակցություն՝ մասնագիտական որակի բարձրացմանն ուղված մի շարք միջոցառումների իրականացում:
Նախատեսվում է անցկացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական վերահսկողության կազմակերպում եւ իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում եւ կոռուպցիայի հակազդման օրենսդրության վերլուծություն» թեմայով փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում:
2016թ.-ին, առաջնահերթ են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաեւ «Մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության» վերաբերյալ փորձի փոխանակումը:
Իսկ 2017թ.-ին՝ ուշադրության կենտրոնում են լինելու տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողությանը, ինչպես նաեւ «դատավարության հատուկ կարգով դատական պրակտիկայի կիրառման վերլուծությանը» վերաբերող թեմաները:
Բացի այդ կողմերը պայմանավորվել են փոխանակել գիտական հրատարակություններ, ինչպես նաեւ Ռուսասատանի Դաշնության դատախազության եւ Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ուսումնական նյութեր:
Գ. Կոստանյանն ու Յու. Չայկան վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային կոնֆերանսի որոշումների իրականացման եւ այլ միջազգային ֆորումների համատեղ աշխատանքները կմոտեցնեն իրենց դիրքորոշումը, կամրապնդեն փոխըմբռնումը եւ կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը, իսկ ստորագրված համագործակցության ծրագիրը կբարձրացնի դատախազների առջեւ դրված առաջադրանքների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը:
