Հայաստանի և Սփյուռքի մասնագետները կփնտրեն արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ուղիները
Ցեղասպանությունը մեծ հարված հասցրեց հայերենին, որը կտրվեց իր իրական հայրենիքից, դարձավ աշխարհասփյուռ, արմատախիլ եղավ` կորցնելով բազում բարբառներ: Այս մասին հուլիսի 29-ին «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովի բացմանն ասել թ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ցեղասպանության պատճառած անդառնալի վնասներից են նաև մեր լեզվական կորուստները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Անդառնալի կորստի մատնվեցին տասնյակ արևմտահայ բարբառներ, իր պատմական հայրենիքից և բնականոն զարգացման հնարավորությունից զրկվեց գրական արևմտահայերենը, որը ծվեն-ծվեն եղած գոյամարտ է մղում աշխարհի չորս ծագերում: Այն մեծ աջակցության կարիք ունի, քանզի Սփյուռքում արևմտահայերենն ունի հայապահպանական կարևորագույն գործառույթ: Մայրենին, իրավամբ, տունն է հայի աշխարհի չորս ծագերում: Ցեղասպանության պատճառած անդառնալի վնասներից են նաև մեր լեզվական կորուստները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ անելիքներ ունենք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի բացմանն ասել է նախարարը:
Խոսելով արևմտահայերենի խնդիրների մասին` սփյուռքի նախարարը մատնանշել է հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազումը, այդ դպրոցների փակումը: Նա փաստել է, որ խառնամուսնությունները նույնպես նպաստում են սփյուռքում արևմտահայերենի կորստին:
«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրների թեման այսօր բավականին ակտուալ է, քանի որ կան լեզվի և բառախմբի հարստացման կանոնակարգման որոշակի խնդիրներ: Այս խնդիրների ակտուալությունն ավելի է սրանում, քանի որ լեզվի գործածման աշխարհագրությունը գնալով ավելի է սեղմվում, կրճատվում է նաև լեզուն գործածողների թիվը», - նկատել է ԳԱԱ անդամ Յուրի Սուվարյանը:
ԳԱԱ անդամը հիշեցրել է, որ երկու տարի առաջ Լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման հարցերով զբաղվող բաժին, որը մշակում է հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման գիտական հիմքը:
Համաժողովին «Հայոց լեզվի առջև ծառացած մարտահրավերները Ցեղասպանությունից 100 տարի անց» զեկուցումով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Նա անդրադարձել է լեզվի երկու ճյուղերի ներկա վիճակին և առկա խնդիրներին, Ցեղասպանության հետևանքով և խորհրդային շրջանում Ադրբեջանում հայկական բարբառների կորստին, լեզվի զարգացման ու երկու ճյուղերի մերձեցման խոչընդոտներին:
Երկօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել Հայաստանի և Սփյուռքի անվանի լեզվաբանները, գրականագետները և ոլորտի այլ մասնագետներ: Սփյուռքի նախարարի խոսքերով` գիտաժողովի ավարտին ակնկալվում է ստեղծել առաջարկների փաթեթներ, որոնք հետագայում կդրվեն քննարկման և կընտրվի աշխատանքի ամենաօպտիմալ տարբերակը:
