Հայաստանի նախագահների զավակները.PHOTO
Wnews.am-ը ներկայացնում է Հայաստանի երեք նախագահների զավակներին։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի մեկ որդի։ Նրա որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է։
Դավիթն ամուսնացած է։ Նրա կին Լիլիթ Տեր-Պետրոսյանը արևելագետ է եւ դասավանդում է ԵՊՀ-ում։ Որդիներից ավագը՝ Լևոնը, 18 տարեկան է, միջնեկը՝ Հակոբը՝ 12 և կրտսերը՝ Լուսիան՝11 տարեկան է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի երեք զավակ։
Նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանն է։
Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։
2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են “Փլեյ Սիթի” սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող “ՖԱՍԹ ՔԱՐԹ” ՍՊԸ-ն, Հայաստանում “Տոյոտա” ընկերության պաշտոնական դիլեր “ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ” ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող “ԳՐԻՏՏԻ” ՍՊԸ-ն:
Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր: Կինը` Զարուհի Բադալյան:
Ռոբերտ Քոչարյանի դուստրը Գայանե Քոչարյանն է։
Նա ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:
2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյանն է։
ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին Լեւոնն է։
Նա ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:
2006 – 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է “Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:
Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով:
Ամուսնացած է Սիրուշո Քոչարյանի հետ եւ ունեն մեկ որդի:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ունի երկու դուստր`Անուշն ու Սաթենիկը։
Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնացած է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հետ:
Իսկ Սաթենիկն ավարտել է Երևանի պետական համալսարանը` տնտեսագետի մասնագիտությամբ:
Նրա ամուսինը Հայկ Խաչատրյանն է։


















