Հայաստանի թաքուն հույսը
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ 50 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ եւ Կուբան վերաբացում են դիվանագիտական հաստատությունները: Դա տեղի կունենա հուլիսի 20-ին, երբ երկրները փոխադարձաբար դեսպանատներ կբացեն միմյանց տարածքներում: ԱՄՆ եւ Կուբայի դիվանագիտական հարաբերության վերականգնումը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Օրերս ԱՄՆ-ում հրապարակվել էր նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթոնի նամակագրությունը, երբ նա զբաղեցնում էր այդ պաշտոնը: Այդ նամակներից մեկում նա իր օգնականից փորձում է ճշտել, թե ինչ էր Հայաստանի արտգործնախարարի անունը:
Ու՞մ է հետաքրքիր Էդվարդ Նալբանդյանի ողջույնը: Աշխարհին հետաքրքիր է, թե Հայաստանն ինչ արտաքին քաղաքականություն է վարում ներկայիս լայնածավալ գործընթացներում, որոնց բեկումնային զարգացումներից է ամերիկա-կուբայական դիվանագիտական հարաբերության վերականգնումը:
Աշխարհը փոխվում է, եւ այդ փոփոխությունները տարբեր երկրներից ոչ թե ողջույններ են պահանջում, այլ համարժեք մասնակցություն այդ փոփոխություններին: Ինչպե՞ս է դրանց մասնակցում Հայաստանը: Հայաստանը դրանց մասնակցում է աշխարհը ոչ թե առաջ, այլ հետ տանելու գործընթացներին, փաստացի վերածվելով Ռուսաստանի «ճամբարային» քաղաքականության ամենահավատարիմ օբյեկտի:
Նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացը Հայաստանի համար բերել է ծանր մարտահրավերներ, միաժամանակ նաեւ նոր եւ լայն հնարավորություններ: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը որքանով կկարողանար ներկայանալ որպես արդիական եւ առաջատար քաղաքակրթության մաս, կենսագործունեության առանցքային ոլորտներում:
Այդ ամենը պահանջում էր մեծ պատասխանատվություն, որը ստանձնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունը որոշեց այն դնել Ռուսաստանի վրա, իրեն վերապահելով միայն ողջունողի դերը, ակնկալիքով, թե հնարավոր է համոզել աշխարհին, որ մենք ստիպված ենք: Հայաստանն այդպիսով ստանձնել է աշխարհքաղաքական մակաբույծի դեր, որը Էդվարդ Նալբանդյանի իրականացրած արտաքին քաղաքականության հետեւանք է՝ Սերժ Սարգսյանի գերակա պատասխանատվությամբ:
Ողջունելով 50 տարի անց ամերիկա-կուբայական հարաբերության վերականգնումը, Հայաստանը երեւի թե հույս ունի, որ գուցե այդքան տարի անց մի օր կարող է ամերիկա-ռուսական հարաբերությունը վերականգնվել, եւ Հայաստանը կրկին կհայտնի «աշխարհքաղաքական ճոճքի» երանելի հանգրվանում, կավելանա Հայաստանի վարունգի արտահանումը Ռուսաստան, կաճեն տրանսֆերտները:
Ինչ է լինելու Հայաստանի հետ 50 տարի անց, ինչը կամ ինչերը վերականգնելու կարիք է լինելու 50 տարի անց, ներկայիս մակաբուծային քաղաքականության հետեւանքով:
