«Հայաստանի թիմը պատրաստ է հանդես գալ ռեստորանային սպորտի մրցաշարին» Հայկ Բաբուխանյան.PHOTO, VIDEO
Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ռեստորանային սպորտի մրցաշարին։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ռեստորանային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Հայաստանը ներկայացնելու է ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի խոհարարական դպրոցի սան Հովհաննես Մկրտչյանը։
Մրցաշարն անցկացվում է 3-րդ անգամ։ Այս տարի պետք է այն անցկացվեր Բուլղարիայում, սակայն COVID-19-ի պատճառով տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ և որոշվել է անցկացնել հեռավար տարբերակով։
«Քանի որ սահմանները փակ են, մրցույթը որոշել են անցկացնել առցանց։ Ուտեստները ցավոք համով գնահատել չի ստացվի, սակայն կան որոշ չափորոշիչներ, որոնցով էլ պրոֆեսիոնալ ժյուրին կկարողանա որոշում կայացնել»,- ասաց Սեդրակ Մամուլյանը և հավելեց, որ մեր խոհարարը ներկայացնելու է տաք կերակրատեսակներ հավի կրծքամսից և հորթի մսից, ինչպես նաև ընդգրկված է լինելու մեկ աղցան։
Խոհարարի կարծիքով այս մրցաշարը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ավանդույթներն ու մշակույթը, ինչ էլ նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։
Ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ փաստում է ,որ չնայած առաջին անգամ ենք մասնակցելու, սակայն մեր մասնակցի մրցանակային տեղ զբաղեցնելու շանսերը բավականին մեծ են և իրենք էլ մեծ սպասումներ ունեն մրցաշարից։
«Այս ամսիների ընթացքում մենք որոշ աշխատանքներ են իրականացրել, աշխատել ենք ռեստորանների ու հասարակական կազմակերպությունների հետ, և այսօր Հայաստանի թիմը պատրաստ է հանդես գալ այս մրցաշարում և պատվով ներկայացնել մեր դրոշն ու երկիրը»,- եզրափակեց պարոն Բաբուխանյանը։
Նշենք, որ ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականին` իսրայելցի Ալեքս Ռաբինովիչի կողմից։ Հայաստանում ֆեդերացիան բացվել է 2019 թվականին։
Ռեստորանային սպորտի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 9-11-ը։ Արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 11-ին։


