Հայաստանի տնտեսությանը պատերազմ էր հայտարարվել ավելի վաղ
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը չի հարվածել Հայաստանի տնտեսությանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն, իհարկե, անկասկած ուներ Հայաստանի տնտեսությանը վնասելու նպատակ, սակայն այդ նպատակն ու մտադրությունները չեն արդարացել, և Հայաստանի տնտեսական ընթացքը չի խոչընդոտվել: Սա, իհարկե, լավ է, քանի որ տնտեսությունն, ի վերջո, անվտանգության հիմքն է: Սակայն այստեղ իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք կարող ուրախանալ կամ գոհանալ, որ պատերազմը չի ազդել տնտեսության վրա:
Նախ՝ ինքնին դա, ըստ էության, անհնար է: Այսինքն՝ անհնար է, որ պատերազմը չազդի տնտեսության վրա: Պարզապես այստեղ մենք կարող ենք խոսել ուղղակի և անուղղակի ազդեցության մասին: Ուղղակիորեն ազդեցություն չկա, և դա հիանալի է, բայց պատերազմն անուղղակիորեն ազդել է Հայաստանի տնտեսության վրա, քանի որ առաջ է բերել նոր կարիքներ, նոր ծախսերի անհրաժեշտություն, քանի որ տնտեսությունը ստացել է նոր խնդիրներ, սպասարկելու նոր հրամայականներ: Եվ սա, անշուշտ, միայն Հայաստանի տնտեսությանը չէ, որ վերաբերում է:
Պատերազմն այն երևույթն է, որ լինելու դեպքում այդ իմաստով, առնվազն անուղղակի իմաստով ազդում է ցանկացած, նույնիսկ դա սկսող պետության տնտեսության վրա, սակայն սա փաստ է, որը չենք կարող հաշվի չառնել: Իսկ ի՞նչ է դա նշանակում՝ դա նշանակում է, որ եթե ավելանում են հավելյալ ծախսեր, ապա պետք է ավելանան նաև տնտեսական հնարավորությունները, հակառակ դեպքում այդ ծախսերը հարկ կլինի կատարել այլ ծախսերի հաշվին, իսկ դա կնշանակի տնտեսական ցիկլի խախտում, դա կնշանակի այլ տեղերում թուլացումներ և այլն: Եվ այսպես, ակնհայտ է, որ պատերազմող տնտեսության պարագայում միայն այն, որ ոչինչ չի նվազել, դեռևս բավարար չէ վիճակից գոհ լինելու համար:
Պատերազմող տնտեսության, այսպես ասած, զրոյական կետն այն է, երբ ծախսերի, մարտահրավերների ավելացմանը զուգահեռ ավելանում են նաև տնտեսության հնարավորությունները: Եվ ահա այս իմաստով այսօր հարցը ոչ թե այն է, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը կորուստ ունի պատերազմի պատճառով, թե՝ ոչ, այլ այն, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսությունն այսօր ունի նոր հեռանկարներ, նոր ռեսուրսներ, որոնք թույլ կտան տնտեսությանը մեծացնել իր հնարավորություններն ու ըստ այդմ՝ համարժեքորեն ընդունել ռազմական թեժ իրավիճակի մարտահրավերները: Պատերազմական իրավիճակում չափման միավորները փոխվում են էապես, հետևաբար դա պետք է առնչվի նաև տնտեսական վիճակին:
մանրամասմերը՝1-in.am-ում:
